
Վրաստանի և Մեծ Բրիտանիայի միջև սկսվել է ուղիղ օդային հաղորդակցությունը։ Այսօրվանից Միացյալ Թագավորության առաջատար ավիաընկերությունը՝ British Airways-ը, սկսել է գործել Վրաստանի ավիացիոն շուկայում։
British Airways-ի A320 Neo ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք է կատարել Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում՝ 156 ուղևորներով:
Այս առիթով Թբիլիսիի միջազգային օդանավակայանի կառավարական տերմինալում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն։ Միջոցառմանը ներկա են եղել Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդը, արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդրե Խվթիսիաշվիլին, էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Մարիամ Քվրիվիշվիլին, Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի գլխավոր տնօրեն Լևան Մոսեշվիլին, Քաղաքացիական ավիացիայի գործակալության տնօրեն Գիվի Դավիթաշվիլին, «Տավ Ջորջիա»-ի (TAV Georgia) գլխավոր մենեջեր Թեա Զաքարաձեն, զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի ղեկավար մայա Օմիաձեն և «British Airways»-ի մենեջմենթի ներկայացուցիչներ:
Վրաստանի օդանավակայանների ասոցիացիան՝ Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության և արտաքին գործերի նախարարության ներգրավմամբ, հաջողությամբ ավարտեց ինտենսիվ բանակցությունները Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկի հետ։ Արդյունքում, այսօրվանից Լոնդոնն ու Թբիլիսին կմիանան ուղիղ օդային երթուղիներով։
Ավիաընկերությունը ուղիղ կանոնավոր չվերթներ կիրականացնի Լոնդոն-Թբիլիսի-Լոնդոն երթուղով՝ շաբաթական չորս անգամ։
British Airways-ը բրենդ է, որը հիմնադրվել է 50 տարի առաջ, չնայած ավիաընկերությունն ավելի քան 100 տարվա գործունեության պատմություն ունի: British Airways-ը American Airlines-ի հետ միասին հանդիսանում է One World գլոբալ ավիաընկերությունների դաշինքի համահիմնադիրը, որն աշխարհում երրորդ ամենամեծ դաշինքն է SkyTeam-ից և Star Alliance-ից հետո: American Airlines-ի հետ սերտ համագործակցությունը թույլ է տալիս British Airways-ի ուղևորներին վայելել տարանցիկ թռիչքներ Լոնդոնով դեպի Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներ: British Airways-ը թռչում է ավելի քան 190 ուղղություններով աշխարհի 65 երկրներում: Ավիաընկերության հիմնական բազան գտնվում է Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում՝ Եվրոպայի ամենաբանուկ օդանավակայաններից մեկում: