
Փոքր Խանչալի գյուղում ծնված Կարինեն դեռ մանկուց գիտեր, որ ուզում է բժիշկ դառնալ։ Երազանքին հավատալով՝ քայլ առ քայլ հասավ նպատակին՝ այսօր աշխատելով որպես մանկաբույժ ու աջակցելով ամենափոքրիկներին։
Կարինե Եսոյանը ծնվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Խանչալի գյուղում։ Դպրոց է հաճախել և ուսումը ստացել է գյուղի միջնակարգ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Երևանում՝ Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցում։
Գնացել է բնագիտական հոսք՝ հատուկ պատրաստվելու համար, որպեսզի ընդունվի բժշկական համալսարան։ Գիտելիքների ձեռքբերման հարցում Կարինեին օգնել և աջակցել է մորաքույրը, ով քիմիայի պարապմունքների միջոցով ամրապնդել է մասնագիտական հիմքերը։
2014 թվականին Կարինեն ընդունվել է Երևանի պետական բժշկական hամալսարան, առաջին տարին սովորել է վճարովի համակարգում, իսկ հետո բարձր առաջադիմությամբ սովորելու արդյունքում հաջողվել է անցնել ռոտացիոն համակարգով անվճար ուսուցման։
Այժմյան բժշկուհին տարակուսանքներ է ունեցել նեղ մասնագիտական ընտրության հարցում, սկզբնական շրջանում ցանկացել է ընտրել գինեկոլոգի մասնագիտությունը, այնուհետև մտածել է սրտաբան դառնալու մասին, ինչպես նաև տարակուսել մանկաբուժության և ընտանեկան բժիշկ դառնալու մեջ։ Որոշ ժամանակ անց Կարինեն, աշխատելով երկու մասնագիտությամբ, հասկանում է, որ դա լիարժեք և տեղին չէ իր համար և ընտրում է մանկաբուժության մասնագիտությունը։
2020 թվականին ավարտելով համալսարանը՝ Կարինեն ընդունվում է Արաբկիր բժշկական համալիրում և կլինարդինատուրան անցնում նույն բժշկական համալիրում։ Նույն հաստատությունում աշխատել է որպես կրտսեր մանկաբույժ։ NOR-ի հետ զրույցում Կարինեն նշեց, որ հիվանդանոցն իր համար դարձել է ինչպես պրոֆեսիոնալ կրթական հարթակ, այնպես էլ փորձառություն ձեռք բերելու արժեքավոր վայր։ Չնայած հանդիպած դժվարություններին՝ նա երբեք չի նահանջել, հաղթահարել է ամեն փորձություն՝ շնորհիվ իր նպատակասլացության։
Այսօր Կարինե Եսոյանը աշխատում է Երևան քաղաքի «Wigmore» բժշկական կենտրոնում՝ որպես մանկաբույժ։
«Հիմա ավելի գիտակից տարիքում մասնագիտության ճիշտ ընտրության հարցում ինձ ավելի հանգիստ ու բավարարված եմ զգում, որ կարողանում եմ իմ աշխատանքով մարդկանց օգնել առավել ևս երեխաներին ու փոքրիկներին։ Այժմ ինքս ինձ երջանիկ եմ զգում արդյունավետ աշխատանքիս համար, աշխատանքս ոչ թե հետապնդում է միայն ֆինանսական շահեր, այլ որպես օգնություն և բարօրություն»,- ասաց բժշկուհին։
NOR-ի այն հարցին թե ինչու ընտրեց հենց բժշկի մասնագիտություն, Կարինեն պատասխանեց․
«Փոքրուց մանկական խաղերի ժամանակ փորձել եմ նմանակել բժշկի կերպարին, բացի բժշկի մասնագիտությունից այլ մասնագիտություն ընտրել մտքովս չի էլ անցել։ Մասնագիտություն ընտրելիս ոչ ոք խոչընդոտ չի հանդիսացել, ընտրել եմ ինքս, թեպետ շրջապատում ասում էին՝ դժվարություններ կլինեն, բայց ես համառորեն գնացի իմ նպատակին ընդառաջ և, կարծում եմ, հասա արդյունքի»,- ասում է բժշկուհին։
Կարինեն նաև կարևորում է ընտանիքի դերը իր կյանքում՝ ընդգծելով, որ իր ամուսինը և ծնողները միշտ աջակցել են նրան ու քաջալերել անկախ որոշումներ կայացնելու հարցում։