Ատամնացավի տանջանքները՝ ատամնաբույժ դառնալու մոտիվացիա․ Աղունիկ Բաքիրյան

Ատամնացավի տանջանքները՝ ատամնաբույժ դառնալու մոտիվացիա․ Աղունիկ Բաքիրյան

Աղունիկ Բաքիրյանը ծնվել է 1996 թվականին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում: Մինչև 8-րդ դասարան սովորել է Սաթխայի հանրային դպրոցում, այնուհետև 11-րդ դասարանը ավարտել է էքստերն քննության միջոցով Նինոծմինդայի թիվ 1 դպրոցում: 1+4 ծրագրով 2014 թվականին ընդունվել է Թբիլիսիի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Համալսարանը ավարտել է 2020 թվականին: Ուսանողական տարիներին աշխատել է ատամնաբույժի օգնական՝ այդպիսով խորացնելով իր գիտելիքները:

NOR ռադիոկայանի հետ զրույցում Աղունիկը նշեց, որ համալսարանը ավարտելուց հետո շարունակել է ռեզիդենտուրան՝ կենտրոնանալով թերապիայի ատամնաբուժության և վիրաբուժության ուղղություններով: Ավարտելուց հետո 1,5 տարի աշխատել է Թբիլիսիում, ապա վերադարձել է Նինոծմինդա: Այժմ նա աշխատում է Նինոծմինդայում և մոտ օրերս պլանավորում է բացել իր սեփական ատամնաբուժարանը:

Աղունիկը դպրոցական տարիներին հաճախել է երաժշտական դպրոց և նկարչության դասընթացների: Փոքր ժամանակ երազում էր թարգմանիչ դառնալ, քանի որ սիրում էր օտար լեզուներ: Աղունիկը նշում է, որ մանկուց տառապում էր ատամների խնդիրների պատճառով, իսկ այն ժամանակ չկար լավ մասնագետ: Նա հավելեց, որ այդ տանջանքները իր մոտիվացրին իրեն դառնալ բժիշկ-ատամնաբույժ:

Ինչպես նշում է երիտասարդ ատամնաբույժը, համալսարանում սովորելու ժամանակ եղել են հիասթափություններ, որոնցից մեկը լեզվի չիմացությունն էր և բժշկական տերմինալոգիան: «Դժվարություններից հիասթափվում էի, բայց հետո տեսնում էի, որ վրացիների համար էլ կան դժվարություններ, և նրանց համար էլ կան անհասկանալի երևույթներ: Այդ պահին սկսեցի մտածել, որ ամեն ինչ լավ կլինի»:

Աղունիկ Բաքիրյանը առաջին անգամ բուժառուի ատամնաքարերի մաքրում է կատարել 3-րդ կուրսում՝ դասախոսի հսկողության տակ: Նա պատմում է, որ մի փոքր վախենում էր, քանի որ բերանի խոռոչում աշխատելը շատ դժվար է:

Պետք է պատրաստ լինել ամեն ինչի՝ ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես։ Բուժառուին պետք է չցավեցնես ու չվնասես,- ասում է Աղունիկը։

Ծնողները ուզում էին, որ Աղունիկը դառնար թերապևտ, բայց ինքը տեսնում էր իրեն ատամնաբուժության ոլորտում։

Աղունիկի խոսքով, ատամի անատոմիական կառուցվածքի վերականգնումը կարելի է համեմատել քանդակագործության հետ։ Աղունիկը սիրում էր նկարել, ու առաջին աշխատանքը վատ չէր ստացվել, բայց իդեալական չէր։ Հիմա փորձում է հասնել իդեալական արդյունքի։

«Սիրով եմ աշխատում թե՛ մեծերի, թե՛ փոքրերի հետ։ Չնայած, որ շատ դժվար է, յուրաքանչյուր մարդու բնավորությունը տարբեր է, ակտիվ մարդկանց հետ ավելի հեշտ է աշխատել»,- նշում է Բաքիրյանը և ավելացնում, որ բժշկության մեջ 100%-ոց բուժում չկա, քանի որ ատամի բուժումը տվյալ պահին կարող է լավ լինել, բայց դրա ընթացքը կախված է անձի իմունիտետից։

Աղունիկի հոբբին ճամփորդությունն է։ Ինչպես հայտնում է NOR-ին, նա ակտիվ մարդ է, սիրում է ամեն ինչին ծանոթանալ ու աշխարհը բացահայտել։ Ճամփորդել է 5 եվրոպական երկրներում։ «Այն երկրները տարբեր էին՝ իրենց հարուստ ճարտարապետությամբ, և երբեմն ապշում եմ, թե ինչքան ջանք ու ուժ է ներդրված եղել այդ շենքերը կառուցելու համար»,- ասում է Աղունիկը։

«Մտածում եմ՝ յուրաքանչյուր մարդ իր կյանքում գոնե մեկ անգամ պետք է գնա Հռոմ, ամբողջ պատմության գիրքը կտեսնի իրական»,-Աղունիկ Բաքիրյան։

Աղունիկը երիտասարդներին խորհուրդ է տալիս կանգնել ճիշտ ուղու վրա, չհիասթափվել, միշտ առաջ գնալ, շարունակաբար սովորել, լավ մասնագետ դառնալ, մեր սերունդը դեպի լավը փոխել և զարգացնել մեր տարածաշրջանը։