Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հունվարի 6-ին այցելել է Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան տոնական պատարագին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Վիրահայոց թեմի մամլո դիվանից, Վրաստանի վարչապետի հետ միասին պատարագին մասնակցել են Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին, խորհրդարանի եւ կառավարության անդամներ:Պատարագի ավարտին Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը դիմելով ներկաներին, խոսք է ասել հայ եւ վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության մասին: Սրբազան Հայրը օրհնության եւ բարեմաղթանքի խոսքեր է ուղղել երկրի վարչապետին Հայաստանի Հանրապետություն կատարելիք առաջիկա այցի կապակցությամբ:
Այնուհետեւ հավաքվածներին Սուրբ Ծնունդի, Աստվածհայտնության եւ ջրօրհնեքի կապակցությամբ շնորհավորանքի խոսքով է դիմել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին. «Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ կիսելու այն մեծ ուրախությունը, որը գալիս է Սուրբծննդյան, Ջրօհնեքի հրաշափառ տոներից: Վրաստանի ազգային, մշակութային եւ կրոնական բազմազանությունը մեր երկրի ամենամեծ հարստությունն է: Մեր երկիրը հպարտ է այն մշակութային ժառանգությամբ, որը ստեղծել են այստեղ բնակվող տարբեր ազգային եւ կրոնական խմբերի ներկայացուցիչները: Մեր պարտքն է պահել եւ պաշտպանել այս ժառանգությունը որպես համամարդկային մշակույթի մաս»:
Տոնական պատարագից հետո Բիձինա Իվանիշվիլին, Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ միասին ներկա է գտնվել Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում Վրաստանի Հայ կանանաց «Շուշանիկ» միության կազմակերպած հայկական գաթայի փառատոնին:NEWS.am