
«Փորձել եմ իմ օրագրի միջոցով օգնել դեռահասներին երազանքները վերածել նպատակների, իսկ նպատակները՝ իրականության»,- «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում անկեղծացավ Օֆելյա Կարապետյանը. նա «Երազանքից դեպի նպատակ» օրագրի հեղինակն է:
Օֆելյան Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղից է, Իլիայի պետական համալսարանի բիզնես կառավարման ֆակուլտետի (մենեջմենտ) երրորդ կուրսի ուսանող:
Օրագրի մասին պատմելիս Օֆելյան նշեց ՝ գաղափարը ծնվել է շատ պարզ, բայց հզոր գիտակցումից. կյանքում ամեն ինչ առնչվում է ֆինանսներին, բայց շատ հաճախ մեզ չեն սովորեցնում՝ ինչպես ճիշտ կառավարել դրանք։ Ընդգծեց. «ժամանակի ընթացքում ես տեսնում էի, թե ինչպես է ֆինանսական կրթության բացակայությունը սահմանափակում մարդկանց երազանքները։ Շատ դեռահասներ մեծանում են առանց իմանալու, թե ինչպես բյուջե կազմել, խնայել կամ մտածել ֆինանսական անկախության մասին. այդ իսկ պատճառով որոշեցի ստեղծել «Երազանքից դեպի նպատակ» օրագիրը»:
Ուսանողուհին անկեղծացավ՝ չնայած օրագիրը ստեղծելու միտքը իրենն է եղել, ստեղծման ճանապարհին մենակ չէր։
«Այս գաղափարը կյանքի կոչելն անհնար կլիներ առանց այն աջակցության, որ ես ստացա Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և Հերման Գմայների գերմանական SOS-Kinderdörfer weltweit հիմնադրամի կողմից, որը ոչ միայն ֆինանսական աջակցություն տրամադրեց, այլև հնարավորություն տվեց աշխատելու փորձառու մասնագետների հետ»,- պատմեց Օֆելյան:
Դժվարություններ իհարկե եղել են, նշեց Օֆելյան, բայց այն գիտակցումը, որ օրագիրը կարող է իրական փոփոխություն բերել, ստիպել առաջ շարժվել` օգնեց։ Սա դեռ սկիզբն է, նա փորձելու է շարունակել դեռահասներին օգնել նաև այլ նախաձեռնություններում:
Ինչ վերաբերում է «Երազանքից դեպի նպատակ» օրագրի բովանդակությանը (օրագրին մանրամասն ծանոթանալու համար անցեք հղմամբ), Օֆելյան ասաց` դա ուղեցույց է, որը կօգնի դեռահասներին ճիշտ պլանավորել իրենց ծախսերը, խնայել, ներդրումներ անել, հասկանալ բիզնեսի հիմունքները և նույնիսկ սկսել իրենց սեփական փոքրիկ եկամտաբեր գործունեությունը։ Օրագրի հիմնական գործառույթներն են.
Ուսանողուհին պատմեց, որ օրագրի ստեղծման ամենադժվար փուլը ֆինանսական բարդ թեմաները դեռահասներին հասկանալի, հետաքրքիր և գործնական ձևով ներկայացնելն էր։ Փորձել է օրագրին տալ ոչ թե պարզապես կրթական նյութի տեսք, այլ գիտելիքների կիրառման իրական հնարավորություն:
«Ֆինանսապես անկախ լինել՝ կերտելու համար այն կյանքը, որն իսկապես ցանկանում ես. ահա թե ինչն է ինձ ոգեշնչել այս գաղափարը կյանքի կոչել։ Եթե թեկուզ մեկ դեռահաս այս օրագրի շնորհիվ սկսի վստահորեն քայլեր ձեռնարկել իր նպատակներին հասնելու համար, ես կիմանամ, որ իմ ջանքերն իզուր չէին»,-ամփոփեց Օֆելյան: