Նկարչությամբ և պարով զբաղվող Միլենա Ալվանջյանի գունավոր երազանքները

Նկարչությամբ և պարով զբաղվող Միլենա Ալվանջյանի գունավոր երազանքները

Նա ունի էներգիա ու ստեղծագործական հայացք։ Նրա աչքերում կրակ կա՝ այն կրակը, որը փոխանցում է միտքը և ցանկությունը ստեղծել, արտահայտել իրեն։ Նրա ձեռքերն ու մատները հմտորեն շարժվում են կտավի վրայով, ինչպես պարում են նրա ոտքերն ու մարմինը՝ հաղորդակցվելով երաժշտության հետ։

Ալվանջյան Միլենան 17 տարեկան է, ապրում է Փոկա գյուղում, սովորում է տեղի հանրային դպրոցում՝ բարձր առաջադիմությամբ։ Դպրոցի հետ մեկտեղ հաճախել է Երազ պարային համույթ. մասնակցել է շատ մրցույթների Թբիլիսիում, Քոբուլեթիում և այլուր։ Սիրում է զբաղվել պարով, նկարչությամբ, սիրելի նախասիրություններից է սպորտը։

Միլենայի նպատակն է դառնալ լավ նկարչուհի, բայց ունի նաև մեկ այլ երազանք, դառնալ հայտնի բժշկուհի։ Դպրոցն ավարտելուց հետո ցանկանում է ուսումը շարունակել Թբիլիսիում և մասնագիտանալ ինչպես բժշկությանզ, այնպես էլ նկարչության մեջ։

Միլենան, երբ նկարում է, ամենաշատը ոգեշնչվում է հայտնի նկարիչների ստեղծագործություններով, մասնավորապես Լեոնարդո դա Վինչիի և Վան Գոգի կտավներով։ Նրա սիրելի ժանրերից է նատյուրմորտը, գունանկարը և գծանկարը։ Թեպետ նկարչության ճանապարհին եղել են որոշ դժվարություններ, սակայն Միլենային այդ հարցում մեծապես օգնել է իր նկարչության ուսուցիչը՝ Վանիկ Թևանյանը։

Նկարչությունից բացի, Միլենան նաև սիրով պարում է և հաճախում է պարի խմբակ։ Նրա համար արվեստը մի քանի ձև ունի՝ երբեմն գույներով, երբեմն շարժումով։

«Պարի փառատոնների ժամանակ ամենաոգեշնչող պահը լավ ելույթ ունենալն է և ավելի ոգեշնչող է ժյուրիի կարծիքը»,- ասում է Միլենան NOR-ի հետ զրույցում։

Բացի իր անձնական երազանքներից, Միլենայի սրտում մի ուրիշ ծածուկ ցանկություն է բաբախում՝ ստեղծել մի վայր, որտեղ երեխաները կարող են ազատ լինել, ստեղծել, նկարել, երազել։ Նա ուզում է, իր գյուղն ունենա տարբեր խմբակներ, որ յուրաքանչյուր փոքրիկ՝ անկախ իր ընտանիքի դրությունից կամ սոցիալական վիճակից, հնարավորություն ունենա իր սրտի գույները թղթին հանձնել։

Նա աղջիկ է, ում հոգին ապրում է գույների ու երազանքների միջև, նրա մատները վրձնին են սովոր, աչքերը՝ լույսին։