
Էթերան իրավաբան է, քաղաքացիական ակտիվիստ և ապագայի նորարար մասնագետ, ով իր օրինակով ցույց է տալիս, որ ցանկացած դժվարություն կարելի է հաղթահարել հաստատակամությամբ, աշխատասիրությամբ ու հավատով։
Էթերա Աբելյանը ծնվել է Ախալքալաքի շրջանում: Մեծացել է հայրենասեր և աշխատասեր ընտանիքում, որտեղ կրթությունն ու սեփական արմատների պահպանումը եղել են կարևորագույն արժեքները։ Նրա մանկությունն անցել է ջերմ ու հարազատ միջավայրում, որտեղ թե բնությունը, թե մարդկանց վերաբերմունքը ձևավորել են նրա աշխարհընկալումը։
Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո Էթերան ընդունվել է Իլիայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, որտեղ ստացել է բակալավրի աստիճան։
Իրավաբանի մասնագիտությունն ընտրել է դեռահաս տարիքում՝ մարդու իրավունքների և արդարության վերաբերյալ իր առաջին գիտակցված մտորումների արդյունքում։ NOR ռադիոկայանի հետ զրույցում նա պատմում է․
«Իրավունքի հանդեպ սերս ձևավորվեց դեռ պատանեկության տարիներին, երբ սկսեցի խորությամբ մտածել մարդու իրավունքների և արդարության մասին։ Այդ ժամանակ հասկացա, որ իրավաբան լինելը միայն մասնագիտություն չէ, այլ նաև կոչում է ծառայել հասարակությանը, պաշտպանել խոցելի խմբերի իրավունքները»,-ասում է Էթերան։
Էթերան ուսանողական տարիներին ունեցել է բարձր առաջադիմություն և ակտիվություն։ Նրա նվաճումները արժանացել են գնահատանքի։ Էթերան ստացել է դեկանի հատուկ մրցանակ և պետական կրթաթոշակ՝ ուսումնական հաջողությունների համար։
Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ պետական լեզվին չտիրապետելու, համակարգային խոչընդոտների առկայության, Էթերան վճռականորեն ընտրել է իրավունքի ուղին։ Նրա համոզմամբ՝ իրավունքն այն ուժն է, որը չպետք է լռի։ Այն պետք է բարձրաձայնվի ու պահանջի պաշտպանություն։ «Ես պատրաստ եմ լինել այն իրավաբաններից մեկը, ով պայքարում է արդարության և մարդու իրավունքների համար։ Միայն այդ ճանապարհով կարելի է կառուցել արդար ու հավասար հասարակություն»,-ասում է Էթերան։
Էթերայի մասնագիտական և քաղաքացիական աճը ներառել է բազմաթիվ նախագծեր և ծրագրեր։ 2023 թվականին նա մասնակցել է «Բազմազան Վրաստան» քաղաքացիական հասարակության շարժման կողմից կազմակերպված «Մասնակցային ժողովրդավարության» դպրոցին։ Բացի այդ, հաճախել է Սոցիալական արդարության կենտրոնի քննադատական քաղաքականության դպրոցը և ավարտել GIPA Media Lab-ի տարեկան ծրագիրը՝ ձեռք բերելով մեդիա բովանդակության ստեղծման, նախագծերի պլանավորման և հանրային հաղորդակցության հմտություններ։
Նա նաև համագործակցել է «Ջավախքի տեղեկատվական կենտրոն»-ի հետ՝ որպես ստաժոր, իսկ «Գանձի» հարթակում հանդես է գալիս բլոգերությամբ։ Հիմնել է նաև անձնական բլոգ, որտեղ հրապարակում է իր հոդվածներն ու վերլուծությունները։ Էթերան և քույրը համատեղ հիմնել են սիրողական օնլայն խանութ՝ Abelyan Sisters Shop անունով՝ իրենց հետաքրքրություններից ելնելով։
Համալսարան ընդունվելու առաջին տարին, որը համընկավ համավարակի սկզբի հետ, Էթերայի խոսքով, եղել է իր ուսումնական ուղու ամենամեծ փորձությունը։
«Օնլայն ուսուցումը հատկապես բարդ էր իրավաբանական ֆակուլտետի համար։ Վրացերենին չտիրապետելը սկզբում խանգարում էր լիարժեք ընկալել նյութը։ Բայց այդ փուլը ինձ սովորեցրեց ինքնուրույն սովորել, պայքարել ու հաղթահարել դժվարությունները։ Դա դարձավ իմ ամրապնդման կարևոր շրջանը»։
Ներկայումս Էթերան սովորում է տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ զուգահեռաբար մասնակցելով Վրաստանի բիզնես ակադեմիայի կարճաժամկետ ծրագրին՝ «Պետական գնումների էլեկտրոնային համակարգ» ուղղությամբ։ Իր նպատակն է համադրել իրավաբանական և տեխնոլոգիական գիտելիքները՝ պատրաստ լինել ժամանակակից մարտահրավերներին։
Էթերայի նպատակն է դառնալ կամուրջ պետության և հասարակության միջև՝ ապահովելով, որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա լիարժեք օգտվել իր իրավունքներից։ Նա ձգտում է խորացնել մասնագիտացումը մասնավոր իրավունքի ոլորտում, ուսումնասիրել պայմանագրային, սեփականության, ընտանեկան և այլ ոլորտներ՝ առաջարկելով պրոֆեսիոնալ ու արդար լուծումներ։ «Մասնավոր իրավունքը մշտապես փոփոխվում է, ես պատրաստ եմ անցնել այդ փոփոխությունների միջով՝ հետևելով նորագույն պրակտիկային ու իրավական ռազմավարություններին»,-ընդգծում է նա։
Էթերայի անցած ուղին վկայում է այն մասին, որ հաջողությունն անհնար չէ, եթե կան հաստատակամություն, ուսման նկատմամբ սեր ու ինքնազարգացման մշտական ձգտում։
«Յուրաքանչյուր ճանապարհ դժվար է, բայց երբ քայլում ես հավատով, արդեն կես ճանապարհն անցել ես։ Նույնիսկ մութ ճանապարհը լուսավորվում է, երբ սիրտդ փայլում է հույսով»,-ասում է Էթերան՝ մեջբերելով իր սիրելի մտքերը։
Նա կոչ է անում երիտասարդներին՝ լսել իրենց ներքին ձայնը մասնագիտության ընտրության հարցում, հետևել ոչ թե միայն աշխատաշուկայի պահանջներին, այլ այն ոլորտին, որն իրապես ոգեշնչում է։
Այս ամբողջ ճանապարհին Էթերայի գլխավոր հենարանը եղել է ընտանիքը, հատկապես՝ հայրը։
«Իմ ընտանիքը միշտ եղել է իմ ուժի աղբյուրը։ Նրանց հավատը իմ հանդեպ, նրանց աջակցությունը՝ իմ ընտրությունների և որոշումների ճանապարհին, եղել են իմ անփոխարինելի ուղեկիցները»,-ասում է Էթերան։