
ԱՄՆ-ում մի դեռահաս մշակել է արհեստական ինտելեկտով աշխատող հավելված, որը կարող է վայրկյանների ընթացքում հայտնաբերել սրտի հիվանդությունները, հաղորդում է Oddity Central-ը։
Դալլասից 14-ամյա դեռահաս Սիդհարթ Նանդյալան մշակել է սրտի հիվանդությունների ախտորոշման նորարարական հավելված: Նրա մշակած ծրագիրը, որը կոչվում է Circadian AI, ունակ է ընդամենը յոթ վայրկյանում հայտնաբերել սրտանոթային պաթոլոգիաների առկայությունը՝ վերլուծելով սմարթֆոնի միկրոֆոնի միջոցով ձայնագրված սրտի զարկերի ձայները։
Երիտասարդ գյուտարարն արդեն համաշխարհային ճանաչում է ստացել որպես արհեստական բանականության ոլորտում ամենաերիտասարդ հավաստագրված մասնագետ՝ ունենալով Oracle-ի և ARM-ի հավաստագրեր։ Նրա հավելվածը լայնածավալ փորձարկվել է ԱՄՆ-ում ավելի քան 15,000 և Հնդկաստանում 700 հիվանդների վրա՝ ցույց տալով ախտորաշման տպավորիչ 96 տոկոս ճշգրտություն։
Տեխնոլոգիան փորձարկվել է Հնդկաստանի Գունտուր քաղաքի կառավարական գլխավոր հիվանդանոցում, որտեղ այն ապացուցել է իր արդյունավետությունը։ Հայդարաբադում կայացած Արհեստական բանականության համաշխարհային գագաթնաժողովում Սիդհարթը շեշտել է, որ իր հավելվածը ստեղծել է հիմնականում այն տարածաշրջանների համար, որտեղ առողջապահական ծառայությունների սահմանափակ հասանելիություն կա, որտեղ արագ ախտորոշումը կարող է կյանքեր փրկել։
Հնդկաստանի Անդհրա Պրադեշ նահանգի գլխավոր նախարար Ն. Չանդրաբաբու Նայդուն, երիտասարդ հանճարի հետ հանդիպելուց հետո, նշել է նրա ակնառու կարողությունները և խոստացել է աջակցություն հետագա մշակումների համար։ Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Սիդհարթն արդեն ավարտել է միջնակարգ դպրոցը և այժմ բարձրագույն կրթություն է ստանում Դալլասի Տեխասի համալսարանում, որտեղ սովորում է համակարգչային գիտություններ: