Երևանում կայացավ Վաղինակ Ղազարյանի «Գանձա» գրքի շնորհանդեսը

Երևանում կայացավ Վաղինակ Ղազարյանի «Գանձա» գրքի շնորհանդեսը

Ապրիլի 14-ին Երևանի Կինոյի տանը տեղի ունեցավ Վաղինակ Ղազարյանի «Գանձա» գրքի շնորհանդեսը։ Այն սեփական մղումով ծնունդ առած բացառիկ ճանաչողական աշխատանք է՝ նվիրված Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղի պատմությանը։ Գյուղի պատմությունը գրի առնելու մտահղացումը հեղինակի մոտ ի հայտ է եկել դեռևս 1985 թվականին, երբ սկսել է կազմել Տերտերանց (Ղազարյանների և Գրիգորյանների) տոհմածառը։


Ինչպես հեղինակն ինքն է նշում գրքի առաջաբանում, մեկ առանձին տոհմի պատմությունը գրելիս ակամայից առնչվում ես գյուղի մյուս տոհմերի անցյալին ու ներկային, ուստի աշխատանքը ամբողջական լինելու համար, նա որոշել է անդրադառնալ Գանձայի բոլոր 67 տոհմերի պատմությանը։ Գրքի բովանդակությունը վերաբերում է Գանձայի վերջին 200 տարվա պատմությանը՝ Արևմտյան Հայաստանից գաղթին նախորդող շրջանից մինչև մեր օրեր։ Վաղինակ Ղազարյանը գյուղի պատմությունը շարադրել է՝ հենվելով պատմական աղբյուրների, մատենագրական տվյալների, վիմագրերի, տպագիր և արխիվային սկզբնաղբյուրների վրա։

24 գլխից բաղկացած գրքում հեղինակը առանձին-առանձին փաստեր է ներկայացնում Գանձայի տարածքի տեղանունների, աղբյուրների, ջրաղացների, գյուղի նշանավոր մարդկանց, գիտնականների, հոգևորակնների, արվեստագետների, բարձրաստիճան զինվորականների, ղեկավարների, մանկավարժների, դպրոցի, գյուղի ուրախ և տխուր էջերի մասին։
Գրքի շնորհանդեսին ներկա էին գանձացի ճանաչված հասարակական և քաղաքական գործիչներ, արվեստագետներ, մանկավարժներ, հեղինակի հարազատներն ու բարեկամները, բազմաթիվ գանձացիներ և հյուրեր։


Շնորհանդեսի բացման խոսքով հանդես եկավ «Ջավախք» հայրենակցական -բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ, Ազգային Ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը, ով ազնիվ հայրենասիրական մղումով լույսընծայված այս գիրքը գյուղի ներկա և գալիք սերունդների համար հայրենաճանաչության տեսանկյունից աննախադեպ երևույթ համարեց։


Գրքի հրատարակության խմբագիր Վահագն Սարգսյանը (արձակագիր և բանաստեղծ Մկրտիչ Սարգսյանի որդին) կարևորեց, որ գիրքը մեծ ոգի ունի, այն լոկ տոհմագրություն և իրադարձությունների շարադրանք չէ։


Մեկ այլ անվանի գանձացի, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Սարիբեկ Հակոբյանն էլ իր ելույթում ընդգծեց, որ այս աշխատությունը մի ողջ հետազոտական թիմի աշխատանք է, որը հեղինակին հաջողվել է իրականացնել միայնակ։

«Գանձա» գրքի հեղինակ Վաղինակ Ղազարյանն էլ, իր խոսքում անդրադառնալով գրքի բովանդակությանն ու նյութի ծավալի մեծությանը, նշեց, որ առաջիկայում սպասվում է գրքի երկրորդ մասի հրատարակությունը, որտեղ կներկայացվեն գյուղի մանկապարտեզների, գեղարվեստական ինքնագործունեության, թատրոնի, կարի ֆաբրիկայի մասնաճյուղի, խմելու ջրի ցանցի, մշակույթի տան կառուցման, մարզական ակտիվ կյանքի, հետաքրքիր դեպքերի և շատ այլ իրադարձությունների մասին։

«Գանձա» գրքի հրատարակմանը հովանավորել են «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ, Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը, ռուսաստանաբնակ գանձացիները (համակարգող՝ Արայիկ Հակոբյան) և «Pink Berry» պաղպաղակի արտադրության հիմնադիր տնօրեն Անի Ղազարյանը։ Իրենց ելույթներում բոլոր բանախոսները շնորհակալություն հայտնեցին գրքի հրատարակման հովանավորներին, կարևորեցին բարեգործության դերը և առանձնակիորեն բարձր գնահատեցին աջակցությունն այս գաղափարին։

Թերթելով գիրքը՝ անկարելի է չնշել, որ յուրաքանչյուր գանձացի՝ անկախ իր ապրելու վայրից, այն պետք է դարձնի իր ամենօրյա սեղանի գիրքը։ Այս աշխատությունը հեղինակի կողմից սեփական գյուղին ուղղված գովաբանություն չէ, այլ փաստերի և հավաստի տվյալների միջոցով մի ամբողջ գյուղի պատմության անմահացումն է, որի հիմքում Գանձա գյուղի ներկա և գալիք սերունդների ինքնաճանաչողության ու ինքնության պահպանման գաղափարն է։

Շնորհանդեսի ավարտին ցուցադրվեց Հարություն Խաչատրյանի «Սպիտակ քաղաք» ֆիլմը։

Լուսանկարները՝ Էդ Թադևոսյանի