Նինոծմինդայի բնակիչները պատրաստվում են Սուրբ Զատկին

Նինոծմինդայի բնակիչները պատրաստվում են Սուրբ Զատկին

Ապրիլի 20-ին քրիստոնեական աշխարհը նշելու է Սուրբ Զատիկը՝ Հիսուս Քրիստոսի Հարության տոնը, որը համարվում է քրիստոնեության ամենահին և կարևոր տոներից մեկը։

Այս կարևոր տոնին ընդառաջ NOR ռադիոկայանի լրագրողները Նինոծմինդա քաղաքում անցկացրեցին հարցում՝ պարզելու, թե ինչպես են պատրաստվում բնակիչները դիմավորել Սուրբ Զատիկը և ինչքան գումար են նախատեսել տոնական ծախսերի համար։

«Զատիկը իմ ամենասիրելի տոներից մեկն է։ Սիրում եմ այն նշել ինչպես հարկն է՝ արժանին մատուցելով նրա հոգևոր նշանակությանը։ Ինձ համար այս տոնը նույնիսկ ավելի կարևոր է, քան Ամանորը, քանի որ նշում ենք Հիսուս Քրիստոսի հարությունը»,-նշեց հարցվածներից մեկը։

Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ Նինոծմինդայի բնակիչների մեծ մասը պատրաստվում է Զատիկին պատասխանատվությամբ և սիրով։

Տոնական գնումների համար նախատեսվող գումարի չափը տարբեր է՝ կախված ընտանեկան եկամուտներից և ծրագրերից։ Ոմանք նշում են, որ նախատեսել են 400-500 լարի, իսկ մյուսների խոսքով այդ գումարը բավարար չէ լիարժեք նշելու համար։ Տոնին արժանի սեղան գցելու համար նրանք պատրաստ են ծախսել ավելի շատ։

Radio NOR · Զատկի տոնին ընդառաջ հարցազրույց

Հավելենք, որ Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կամ Զատիկը, որպես տաղավար տոն, ունի հարուստ ծիսահամալիր, որը ներառում է եկեղեցական արարողություններից մինչև համաժողովրդական տոնախմբություն։ Այս ամենի մաս է կազմում զատկական ուտեստը, որը, տարվա եղանակին և տոնի խորհուրդին համապատասխան, խորհրդանշում է նոր կյանքի սկիզբը։ Մեծ պահքը լուծվում է Նավակատիքի ընթրիքով, որի ավանդական ուտեստներն են հավկիթը, ձուկը, չամիչով փլավը, իսկ ըմպելիքը՝ կարմիր գինին։