
ԱՄՆ-ը Սիրիայից դուրս է բերում 600 զինծառայող, – այս մասին հայտնում է «Նյու Յորք Թայմս»-ը։
Հրապարակման համաձայն՝ ամերիկյան ուժերը կփակեն հյուսիսարևելյան Սիրիայում տեղակայված ութ գործող բազաներից երեքը, ինչի արդյունքում Սիրիայում ամերիկացի զինծառայողների թիվը կկրճատվի 2000-ից՝ մինչև 1400։
Թերթի տեղեկություններով, կփակվեն Mission Support Site Green Village, MSS Euphrates և ևս մեկ փոքր բազա։
«Նյու Յորք Թայմս»-ը նշում է, որ առաջիկա 60 օրվա ընթացքում կկայացվի նաև Սիրիայում ամերիկյան զորախմբի հետագա կրճատման վերաբերյալ որոշում։
Հոդվածում ասվում է, որ փորձագետները խորհուրդ են տալիս Սիրիայում թողնել առնվազն 500 զինծառայող, սակայն նախագահ Դոնալդ Թրամփը վերաբերում է սկեպտիկորեն և ցանկանում է ամբողջությամբ դուրս բերել ամերիկյան զորքերը Սիրիայից։
Թերթին տված մեկնաբանությունում անանուն աղբյուրը նշել է, որ ամերիկյան ուժերի կրճատման դեպքում էլ նրանք շարունակելու են աջակցել «Սիրիայի դեմոկրատական ուժերին», որն առաջնորդվում է քրդերի կողմից, վերահսկում է Սիրիայի հյուսիսարևելքը և պայքարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։
Մարտի 10-ին հայտնի դարձավ, որ «Սիրիայի դեմոկրատական ուժերը» համաձայնության են հասել նոր կառավարության հետ և նրանց քաղաքացիական ու ռազմական կառույցները կինտեգրվեն Սիրիայի նոր քաղաքական համակարգում։
Նախկինում իսրայելական մամուլը գրել էր, որ ԱՄՆ-ը հայտնել է Իսրայելին Սիրիայից զորքերը դուրս բերելու մտադրության մասին։ Ըստ լրատվամիջոցների՝ Իսրայելը փորձում է համոզել Վաշինգտոնին վերանայել այդ որոշումը, քանի որ այն կուժեղացնի Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում, սակայն Դոնալդ Թրամփի վարչակազմը հրաժարվում է փոխել որոշումը։
Ապրիլի 16-ին Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հայտարարեց, որ երկիրը մտադիր է պահպանել վերահսկողությունը Գազայի հատվածում, Լիբանանում և Սիրիայում զբաղեցրած տարածքների վրա։ Նրա խոսքով՝ Իսրայելի բանակը կմնա այսպես կոչված «անվտանգության գոտիներում»՝ որպես բուֆերային գոտի թշնամական ուժերից պաշտպանվելու համար։