
Վրաստանը Չինաստան մեղր արտահանելու թույլտվություն է ստացել: Համապատասխան փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին և Չինաստանի առևտրի փոխնախարար Լին Չժին Թբիլիսիում՝ առևտրատնտեսական համագործակցության երկկողմ հանձնաժողովի նիստում։
«Հանձնաժողովի աշխատանքների շրջանակում ստորագրվել է վրացական մեղր չինական շուկա մատակարարելու թույլտվությունը»,- հայտնում է էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունն ընդգծում է, որ դա վրացի արտադրողների համար մուտք է ստեղծում դեպի աշխարհի ամենամեծ և ամենատարողունակ սպառողական շուկաներից մեկը, որտեղ մեղրի և այլ պարենային ապրանքների մեծ պահանջարկ կա։
Առաջիկա ամիսներին կողմերը նախատեսում են նաև ավարտել բանակցությունները վրացական թռչնամսի մուտքը չինական շուկա թույլ տալու շուրջ։
Վրաստանի և Չինաստանի միջև գոյություն ունի ազատ առևտրի համաձայնագիր, որը թույլ է տալիս ապրանքներ մատակարարել զրոյական կամ նվազագույն ներմուծման մաքսատուրքերով։
2016 թվականից վրացական մեղր արտադրողները մուտք են գործել ԵՄ շուկա։ Վերջին տարիներին ամենամեծ գնորդները դարձել են Ֆրանսիան և Բելգիան։
2024 թվականին Վրաստանից մեղրի արտահանումը կտրուկ նվազել է՝ 2023 թվականի համեմատ գրեթե 65 տոկոսով։ Արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 33,8 տոննա, իսկ եկամուտը՝ ընդամենը 271,1 հազար դոլար։
Պատճառներից մեկն էլ տրոպիլելապսոզի՝ մեղուների վրա ախտահարող մակաբուծական հիվանդության տարածումն էր։ Այս տարի դրա դեմ պայքարին միացավ պետությունը։ Գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է մեղվաբույծներին հսկողության միջոցառումների ընդլայնման և աջակցության մասին։ newsgeorgia.ge