Գրեթե 15 հոգի Մառնեուլից եկել էին Ախալքալաք Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարական ընկերությունից պահանջելու վճարել իրենց պարտքերը: «Դեմիրյոլ» ընկերությունը պարտք է ինչպես աշխատողների, այնպես էլ տարբեր մթերքներ և ծառայություններ մատակարարողների: Ընկերությունում չեն հրաժարվում վճարել, սակայն չեն էլ նշում, թե կոնկրետ երբ կտան:
Ախալքալաքում կառուցվող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կայարանում տեղի ունեցավ բողոքի ակցիա: 5 ավտոմեքենաներով, մոտավորապես 15 հոգի Մառնեուլից հասել էին Ախալքալաք: Ցուցարարներին միացել էին նաև մի քանի տեղացի, որոնց պահանջը նույնն է: Նրանք պահանջում են իրենց աշխատանքի դիմաց հասանելիք գումարը, որը պարտք է «Դեմիրյոլ» ընկերությունը:
Աքսանա Յուսուպովան Մառնեուլից վաճառել է սպասք, լվացքի փոշի և այլ տարբեր ապրանք: Նրան 120 000 լարի են պարտք:
«Ամուսինս ինձանից բաժանվեց, քանի որ ապրանք էի տվել, հետս կռվեց և հեռացավ, հիմա էլ ամուսնացել է: Դատարան դիմեցի, մեկ տարի է ինձ ասում են՝ երեքշաբթի կտանք, ուրբաթ կտանք, այսպես ամիսներ շարունակ: Բանկից եկան ասացին, որ տունս վաճառքի են հանել, ծանոթ-բարեկամ, բոլորից պարտքով վերցրեցի, ոսկիներս վաճառեցի, որ տունս ձեռքիցս չառնեն»,- ասաց Աքսանա Յուսուպովան:
Բանն այն է, որ գրեթե մեկ տարի է «Դեմիրյոլը» գումար չի փոխանցել տեղական «Փարվանա» ընկերությանը, որն էլ իր հերթին չի վճարել մարդկանց, որոնցից սննդամթերք, սպասք և այլ գնումներ է կատարել:
Նինոծմինդայի շրջանի Ղուլալիս գյուղի բնակիչ Սիրական Արաբյանը ևս եկել էր բողոքելու և պահանջելու իր մեկ ամսվա աշխատավարձը:
«Նոյեմբեր ամսվա աշխատավարձս են պարտք, անընդհատ նույն բանն են ասում՝ երեքշաբթի կամ ուրբաթ, անցել է 7 ամիս այդ ուրբաթը չեկա՞վ: 800 լարի կոնկրետ ինձ պարտք են: Ես իմ անձնական մեքենայով աշխատել եմ, բանվորներին եմ տեղափոխել»,- պատմեց Սիրականը:
Միաժամանակ ավելացնելով, որ իրենց գյուղից մոտավոր 15-20 հոգի կան, որ իր նման չեն վարձատրվել:
Նյութի մանրամասները կարդացեք Jnews.ge կայքում: