Մի քանի անգամ մաքրված տարածքում կրկին աղբ է կուտակվել

Մի քանի անգամ մաքրված տարածքում կրկին աղբ է կուտակվել

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա Եֆրեմովկա գյուղերի միջև ընկած հատվածում՝ Նինոծմինդա-Բավրա մաքսակետ տանող գլխավոր ճանապարհի եզրին լցված են պոլիէթիլենային տոպրակներ, փչացած կարտոֆիլով պարկեր և տարատեսակ աղբի կույտեր, ինչը հակասանիտարական վիճակ է ստեղծել տարածքում։

NOR ռադիոկայանի լրագրողը ֆիքսել է, թե ինչ իրավիճակում է գտնվում տվյալ հատվածը։ Նշենք, որ աղբը տևական ժամանակ է, ինչ լցված է ճանապարհի եզրին։ Խնդրի առնչությամբ կապ հաստատեցինք Գորելովկայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Մնացական Բաբաջանյանի հետ՝ պարզելու համար արդյոք նախատեսվում են աղբի մաքրման աշխատանքներ, թե ոչ։

Վերջինս պատասխանեց,- «Չնայած նրան, որ ամեն տարի մաքրում ենք տարածքը, այնուամենայնիվ բնակիչները անբարեխղճորեն տարածքը լցնում են աղբով։ Այս տարի տարածքի աղբը կրկին մաքրելու ենք մոտակա օրերին, սպասում ենք եղանակների տաքանալուն»։

Շրջակա միջավայրը աղտոտելը բնության և մարդկության համար լուրջ խնդիր է: Աղբի որոշ տեսակների քայքայման համար պահանջվում են նույնիսկ հարյուրավոր տարիներ։ NOR ռադիոկայանը միշտ հետևողական է և հաճախ է անդրադառնում այս ակտուալ ու ցավոտ խնդրին, որը ցավոք գրեթե ամենուր է, և հեղինակը ինքը՝ մարդն է։

Չնայած այն հանգամանքին, որ թե՛ քաղաքում, թե՛ գյուղերում աղբամանների թիվն ավելանում է, այնուամենայնիվ բնակիչները շարունակում են աղբը նետել ամենուր։