
Նինոծմինդայի մունիցիպալիտետի մի շարք գյուղերում արդեն մեկնարկել է գարնանային վարուցանքի շրջանը։
NOR ռադիոկայանի հարցման արդյունքում պարզ դարձավ, որ բնակիչների մի մասը արդեն սկսել է գյուղատնտեսական աշխատանքները, իսկ մյուսները դեռ սպասում են եղանակային պայմանների բարելավմանը։
«Դեռ չենք սկսել ցանքսը, եղանակային պայմաններն այս պահին բարենպաստ չեն։ Մի կողմից ձեռնտու է, որ անասնապահությամբ ենք զբաղվում, այնպես որ եթե էլի բերք չլինի, գոնե խոտ կունենանք։ Ամեն տարի ամեն ինչ ցանում ենք՝ կարտոֆիլ, կաղամբ։ Անցած տարի, օրինակ, շատերը չէին հասցրել նույնիսկ կարտոֆիլը հավաքել՝ եղանակի պատճառով», – նշեց բնակիչներից մեկը։
Որոշ գյուղացիներ էլ շեշտում են, եթե սեփական գյուղատնտեսական տեխնիկա ունես, ապա ավելի հեշտ է հողատարածքը վարելու աշխատանքները կազմակերպել։ Իսկ կան մարդիկ, ովքեր փոքր տարածքներ են մշակում միայն սեփական կարիքների համար։
«Երեկ սկսեցի ցանքսը, 60 ար ցանեցի։ Իրականում ձեռնտու չէ ցանել։ Ավելի լավ է գնեմ, քան ցանեմ։ Օրինակ, գարին 550 լարիով եմ գնել, իսկ կարտոֆիլ ցանել եմ ընդամենը 20 ար։ Դա բավական է մեր կարիքների համար»,- ասում է մեկ այլ բնակիչ։
Հաշվի առնելով տարածաշրջանում տիրող փոփոխական եղանակը և տեխնիկայի հասանելիության սահմանափակ լինելը՝ գյուղացիների մոտեցումները տարբեր են կախված ինչպես տնտեսական հնարավորություններից, այնպես էլ ապրուստի միջոցներից։
Մանրամասները աուդիոնյութում.
Տեսանյութ