1+4 ավարտած Վարսենիկը վրացերեն է դասավանդում հարազատ` Մեծ Արագյալի դպրոցի սաներին (Տեսանյութ)

1+4 ավարտած Վարսենիկը վրացերեն է դասավանդում հարազատ` Մեծ  Արագյալի  դպրոցի սաներին (Տեսանյութ)

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Արագյալ գյուղի միջնակարգ դպրոցը կարծես թե նոր շունչ է ստացել:

1+4 ծրագրի շրջանավարտ Վարսենիկ Խաչատրյանն այսօր հարազատ դպրոցում իր նախկին ուսուցիչներին օգնում է բարձրացնել դպրոցի աշակերտների վրացերենի իմացության մակարդակը: 5 տարի սովորելով Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում՝ Վարսենիկը բախվել է մի շարք դժվարությունների: Այժմ հպարտորեն ասում է, որ իր աշակերտները նույն բարդություններին չեն հանդիպի:

«Մի անգամ տուն գալու ճանապարհին, ավտոբուսում պատահաբար մի տարիքով կնոջ ձեռքին խփեցի, «ուկացրավադ» ( վրց.՝ ներողություն) բառի փոխարեն ասացի «մադլոբա» (վրց.՝ շնորհակալություն): Ամեն բառը սովորելու գործընթացը լավ եմ հիշում. երբ գնում էի խանութ, զանգում էի ընկերուհիներիս, բառարանը բացում էին ու թելադրում պետք եղած բառը»,-ժպիտով հիշում է Վարսենիկը։

Երիտասարդ աղջիկը խոստովանում է՝ ավելի շատ է աշխատել, քան մնացածները: Տեքստերի բառերը սկզբում բառ առ բառ է թարգմանել, այդ ամենի հետ մեկտեղ ունեցել է նաեւ տեղեկատվության պակաս:

«Երբ ինձ ասացին, որ Ջավախիշվիլի համալսարան 2եմ ընդունվել, ես գաղափար չունեի, արդյո՞ք փողոցի, թե համալսարանի անվանումն էր դա: Տեղեկատվական պակասի պատճառներից մեկն էր նաեւ այն, որ հայերի հետ էինք շփվում, կոմպլեքսավորված էինք վրացիների հետ շփումից, իսկ նրանք մտածում էին, թե գոռոզ ենք»:

Վարսենիկը 1+4՝ էթնիկ փոքրամասնությունների համար նախատեսված ծրագրի դիմորդներին խորհուրդ է տալիս նախoրոք որոշել մասնագիտությունն ու ձգտել հասնել առավելագույն արդյունքի:

Վարսենիկը Մեծ Արագյալ է վերադարձել պետական հատուկ ծրագրի շրջանակներում, որը հնարավորություն է տալիս համալսարանավարտներին իրենց շրջաններում վրացերեն դասավանդել: Վարսենիկն այժմ օգնական ուսուցչուհի է.

«Օգնում եմ մեծ սիրով ու հաճույքով՝ թե՛ ուսուցիչներին եւ թե՛ աշակերտներին: Դասը վարում ենք 2 հոգով, ինչն առավել արդյունավետ է»։

Վարսենիկը գյուղի դպրոցում նախաձեռնել է մի շարք նորամուծություններ: Աշակերտները նկարել են տասնյակ թեմատիկ պատի թերթեր, ինչի միջոցով ծանոթացել են վրաց մշակույթին, ավադույթներին եւ վրացական տոներին:

Գյուղ վերադառնալն ուներ նաեւ 2-րդ դրդապատճառը. Վարսենիկի ընտանիքն ապրում է Արագյալում եւ բացի ուսուցչի կարգավիճակից, նա նաեւ մայրիկ է՝ տանը նրան սպասում է 4-ամյա դուստրը:

www.aliq.ge



Opinion, pooling and voting