
Վրաստանի Հանրապետության Նինոծմինդայի շրջանի գեղատեսիլ գյուղերից է Գանձան։ Տերյանական Գանձան, որտեղ ծնվում և հասակ է առնում մի սերունդ, որի մեջ վառ կայծով փայլում են ստեղծագործ միտքը, աշխատասիրությունը և արժանապատվությունը։ Գանձացիները պարզապես չեն ապրում հողին ամուր կառչած` նրանք արարում են, ստեղծում են, փոխանցում սերունդներին մշակույթ, ավանդույթ և գիտելիք։ Այս գյուղի պատմությունն ու ներկան լի են մարդկանցով, որոնց տաղանդը հաճախ գերազանցում է սահմանները` դառնալով հպարտություն և հաջորդ սերունդներին ուղեցույց։
Ասատուր Գալոյանը ծնվել է Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում, միջնակարգ կրթությունն ստացել է տեղի Շոթա Ռուսթավելիի անվան հանրային դպրոցում։
«Իմ կրթության հարցում շատ կարևոր դեր է ունեցել հենց իմ դպրոցը, այն աշխարհը, որտեղ որ ինքս ապրել եմ ու ինչ որ մի տեղ իմ աշխարհն եմ ունեցել»,- ասում է Ասատուրը և հավելում, որ այդ աշխարհի մեջ իրեն համարում է որոշակի կերպով ինքնամփոփ։
Դպրոցում 12-ամյա կրթությունը ավարտելուց հետո Ասատուրը երկու ուղղություն ուներ՝ Թբիլիսի կամ Երևան, բայց արդեն հիմք էր դրվել սովորել Երևանում։
«Մի ուրիշ աշխարհ բացվեց ինձ համար, երբ ես 6-րդ դասարանում սկսեցի ուսումնասիրել հայոց լեզու և գրականություն, այն մեծ դեր ունեցավ իմ անձնային հատկանիշների ձևավորման վրա, որտեղ առավել մեծ էր դասավանդող ուսուցչի դերը ընկեր Իգիթյանի՝ իմ կողմից չափազանց հարգված մանկավարժի։ Հիշում եմ, առաջին իսկ դասից, հասկացա, որ պետք է հայոց լեզուն շատ լավ սովորեմ և տիրապետեմ, ու այդ առարկան ինձ համար ավելի առաջնային դարձավ»։
Այս հանգամանքը ստիպեց գանձացի երիտասարդին ընտրել Երևանը և 2014 թվականին՝ դպրոցն ավարտելուց հետո, գնալ Երևան՝ Բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու։ Ինչպես ասում է ինքը, դա նաև իր ծնողների մեծ ցանկությունն է եղել։ Այդպես էլ լինում է, Ասատուր Գալոյանը մեկնում է Երևան և ընդունվում Երևանի պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի՝ իրավագիտության բաժինը։
Ինչու՞ Ասատուրն ընտրեց իրավագիտությունը, երբ մայրն, ով մանկավարժի կրթություն ուներ, սակայն ցանկանում էր, որ որդին դառնա բժիշկ։
Մասնագիտության ընտրության հետ կապված Ասատուրը կիսվեց դպրոցական մի դեպքով, երբ պաշտպանել է իր դասընկերուհուն։ «Երբ պաշտպանեցի նրան ուսուցչուհու նախատինքներից, վերջինս ասաց` դու լավ իրավաբան (պաշտպան) կլինես»։ Կարելի է ասել՝ այդ ժամանակվանից է Ասատուրի իրավագիտության դուռը բացվել։
«Դուռը բացվեց ու միանգամից կարդացին իմ անուն ազգանունը, հանձնեցի քննություն ու ընդունվեցի բուհ, բայց ասել էի ծնողներիս, որ եթե չընդունվեմ, իմ համար կրթության էջը կփակվի և ես կզբաղվեմ ինչ-որ մի բանով, որը կդառնա իմ համար հոբբի, իսկ հետագայում՝ աշխատանք»։
Հաջողվում է Ասատուրին․ ընդունվում է իր նախընտրած մասնագիտությամբ։ Ինչպես նշեց իր խոսքում համալսարանական առաջին ամիսները եղել են դժվար, ընդհուպ մինչև քննությունների տապալում, բայց հաղթահարել է լավ կուրսընկերների շնորհիվ, ովքեր աջակցել են նրան։ Ուսանողական տարիներին եղել է ակտիվ և դրա հետ մեկտեղ՝ պարտաճանաչ ուսանող։
Կյանքի ամեն փուլում Ասատուրն ինքն իրեն համարում է հաջողակ մարդ։ Հետաքրքիր էր իր յուրահատուկ վերաբերմունքը երկու պետությունների հանդեպ և՛ Վրաստանի և՛ Հայաստանի հանրապետությունների․
«Երբ ինձ մեկ-մեկ հարցնում են դու Հայաստանն ես հայրենիք համարում թե Վրաստանը, թեև այժմ ապրում եմ Հայաստանում և այն իմ Հայրենիքն է, սակայն, Վրաստանը՝ իմ աշխարհայացքում որպես իմ պետությունն է, որը ծնել, սնել, մեծացրել է ինձ, դրա համար ունեմ ջերմ վերաբերմունք վերջինիս նկատմամբ»։
2018 թվականին բարձր գնահատականներով ավարտելով բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Ասատուրը որոշում է ընդունվել Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի՝ Իրավագիտության բաժինը, որտեղ էլ ստանում է իրավաբանի մագիստրոսի աստիճան։ Կարևոր է նշել, որ այս որոշման մեջ մեծ է նաև ծնունդով Ջավախեցի ընկերների հորդորն՝ անպայման ընդունվելու Պետական կառավարման ակադեմիա։
Ասատուրը, մեծ հարգանք տածելով Աժ պատգամավոր և «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, համագյուղացի Շիրակ Թորոսյանի նկատմամբ, նշեց նաև , որ նույն ժամանակահատվածում ստացավ առաջարկ՝ լինել իր օգնականը , և արդեն 2019թ. հունվարին դարձավ Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանի օգնականը։
Ուսմանը զուգահեռ՝ նույն թվականին նա կարճ ժամկետով աշխատել է Երևանի Լևոն Շանթի անվան դպրոցում՝ որպես հասարակագիտության ուսուցիչ։
2020 թվականին ավարտել է Պետական կառավարման ակադեմիան՝ ստանալով մագիստրոսի աստիճան։
Այնուհետև սկսել է դասախոսել Մովսես Խորենացու անվան համալսարանի իրավագիտության բաժնում, որտեղից և սկսել է Ասատուրի գիտամանկավարժական նոր ընթացքը, որը մինչ այժմ շարունակվում է։
«Ես կարծում եմ, որ մարդը հասնում է իր նպատակներին, երբ դրանց նախորդող իր պլանները լինում են անկեղծ»,-ասում է նա և հավելում, որ եթե դրանք անկեղծ չեն լինում, ապա կմնան փուչ երազանքներ և իրականություն չեն դառնա։
2021 թվականից Ասատուրը հանդիսանում է պետական ծառայողների ամենամյա վերապատրաստման դասընթացավար։ Խոսելով դասավանդման մասին նա նշեց՝ «Ես հասկանում եմ մի բան, որ գիտելիքը աշխարհում միակ բանն է, որ կիսվելուց չի քչանում, այլ շատանում է»։
Ասատուրն ամուսնացել է 2023 թվականին, և կնոջ խորհրդով դարձել Սլավոնական համալսարանի հանրային իրավունքի ամբիոնի ասպիրանտ, այժմ գրում է գիտական աշխատություն և վստահ է, որ մի օր ինքը ևս կարժանանա գիտնականի բարձր կոչումին։
Ուսման ու աշխատանքի ընկերություններում ձեռք բերած փորձը և մասնագիտական զարգացման հանդեպ անընդհատ ձգտումն ու հանրային լայն հեղինակությունը դարձան Ասատուրի շարժիչ ուժը՝ հիմնելու իր սեփական «Գալոյան իրավաբանական խորհրդատվական» ընկերությունը։ Մեր այն հարցին թե, ուր է պատրաստվում հասցնել «Գալոյան» ընկերությունը, այստեղ Ասատուրն անկեղծանում և հայտնում, որ նպատակ ունի մեծացնել ընկերությունը և մասնաճյուղ բացել Գյումրիում, ինչպես նաև առաջին անգամ բարձրաձայնում, որ մտածում է նաև Ջավախքում ևս հիմնել իր ընկերության մասնաճյուղը, նշելով, որ այստեղ ևս դրա կարիքը շատ կա։
Աստիճանաբար վերադառնալով ծննդավայրին՝ երիտասարդ իրավաբանը խոսեց ծննդավայրի հետ կապի մասին։
Ջավախքի հետ կապը միշտ պահել է և, ինչպես ինքն է ասում, կարևորն այն է, թե այդ կապը ինչպես ես տեսնում և ընթերցողի ուշադրությունն է հրավիրում մի կարևոր մտքի վրա.
«Օրինակ երբ ես գալիս եմ Ջավախք ու գումար եմ ծախսում, ես համարում եմ, որ ինչ-որ չափով հնարավորություն եմ ստեղծում այստեղ ապրողին, մնալ այստեղ»։
Ի՞նչն է ձգում Ասատուրին ծննդավայր Գանձայում. մանուկ տարիների հուշե՞րը, հարազատ մարդկանց ջերմությու՞նը, թե՞ ցանկությունը՝ համայնքին օգտակար լինելու։
«Մանկության հուշերից եկող բույրը աղոտ պատկերներ է բերում, որոնց ոչինչ չի փոխարինում, սա է կապում ինձ Գանձայի հետ»։
Թերևս հենց այս ամենն է, որ Ասատուր Գալոյանին վերադարձնում է այնտեղ, որտեղից սկսվել է իր ճանապարհը։