
Մայիսի 3-ին Նինոծմինդայի մշակույթի տան բակում նշվեց Պարի միջազգային օրը՝ տոն, որը համախմբում է արվեստասերներին և ընդգծում պարի դերը ազգային ինքնության պահպանման գործում։
Միջոցառմանը մասնակցեցին Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետների տարբեր պարային համույթներ՝ ներկայացնելով ազգային ու ժամանակակից պարեր։
«Նմանատիպ միջոցառումներ պետք է շատ լինեն, որպեսզի մեր երեխաները մասնակցեն և մեկ քայլով ավելի մոտենան պարարվեստին և մշակույթին։ Հայապահպանման գործը ամենաառաջնահերթն է, և այն կատարվում է հենց այսպիսի միջոցառումների ընթացքում», – նշեց պարուսույց Մանվել Սահարյանը։
Նինոծմինդայի պարի միջազգային օրվա հիմնադիրը պարուսույց Լուսինե Մզիկյանն է՝ Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի աջակցությամբ։
Բոլոր պարուսույցները քաղաքապետարանի կողմից պարգևատրվեցին հուշանվերներով։
Նշենք, որ Թատրոնի միջազգային ինստիտուտի և Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ 1982 թվականից ի վեր ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր՝ ի պատիվ ժամանակակից բալետի հիմնադիր, ֆրանսիացի պարուսույց Ժան Ժորժ Նովերի ծննդյան օրվա (1727-1810թթ.):
1995 թվականից Պարի միջազգային օրը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր հովանու ներքո: Տարիներ շարունակ աշխարհով մեկ սփռվող Պարի միջազգային օրվա ուղերձը հեղինակում է պարարվեստի որևէ ականավոր ներկայացուցիչ: