
Լիլիթ Կարախանյանը ծնվել է 1997 թվականին՝ Ախալքալաքում։ Սովորել է Ախալքալաքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում, ապա՝ Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանում՝ 4+1 ծրագրով. մասնագիտությամբ վրաց լեզվի բանասեր է։
NOR ռադիոկայանի հետ զրույցում Լիլիթը նշում է, որ նրա ճանապարհը վրացերեն լեզվի և մշակույթի ուսումնասիրությամբ սկսվեց դեռևս դպրոցական տարիներին, սակայն վրացերենի նախապատրաստական փուլը անցնելուց հետո, Լիլիթը որոշեց ընդունվել վրաց բանասիրության ֆակուլտետ։ Լիլիթը հետաքրքրասեր մարդ է ու տարբեր հետաքրքրություններ ունի։ Այդ իսկ պատճառով սկսած 11-րդ դասարանից մինչ օրս ակտիվ մասնակցում է տարբեր թեմաներով ծրագրերի ու թրենինգների։
«3 տարի եղել եմ GIPA Media Lab-ի անդամ։ Ամեն ինչ սկսվեց այդ ծրագրից։ Երբ ես գնում էի նրանց հետ առաջին անգամ ծանոթանալու, անգամ չգիտեի ինչ ծրագիր է։ Ինձ ուղարկել էին դպրոցից, ասելով, որ ավարտական քննությունների հետ է կապված, բայց երբ իմացա, որ դասընթացները վիդեո և ֆոտո նկարահանումների ուսուցման հետ է կապված, անչափ ուրախացա»,-ասում է Լիլիթը՝ հավելելով, որ շատ էր ուզում այդ ոլորտը ուսումնասիրել։
Եվ հենց այս ծրագրի շրջանակներում նա սկսեց աշխատել մեդիա ոլորտում, իսկ հետո՝ PMMG ծրագրի և «Tolerant» ծրագրի մասնակից դառնալով, իր հետագա մասնագիտական աճը շուտով ամրապնդեց: Լիլիթը բազմաթիվ ծրագրերի և թրեյնինգների մասնակից է՝ լրագրությունից, քաղաքականությունից մինչև ֆիլմարտադրություն, մարդու իրավունքներ և հանդուրժողականություն: Նրա գիտելիքներն ու փորձը խորացնում են այն ոլորտները, որտեղ նա գործում է:
Չնայած այն հանգամանքին, որ Լիլիթը սիրում է իր մասնագիտությունը, համալսարանական տարիներին հաճախ կասկածել է, թե արդյոք այն իր համար է: «Վրաց լեզուն շատ եմ սիրում, բայց ես արվեստի մարդ եմ, համալսարանում սովորելու պատճառով չէի կարողանում ժամանակ տրամադրել արվեստին, ինչից և շատ էի նեղվում»,- նշում է նա:
Համալսարանը ավարտելուց հետո սկսել է աշխատել Ախալքալաքի Դերենիկ Դեմիրճյանի անվան միջնակարգ դպրոցում երկլեզու ուսուցման ծրագրով՝ որպես արվեստի երկլեզու ուսուցման մասնագետ։ Երբ Լիլիթը իմացել է ծրագրի մասին ու որ կարող է արվեստի ոլորտում աշխատել, մեծ ուրախությամբ է լցվել։ «Իմ սիրելի արվեստը և վրացերենը համատեղել մի աշխատանքում՝ դա ամենալավն էր, ինչ կարող էր լինել ինձ հետ»,-ասում է Լիլիթը։
Սկզբում Լիլիթը մտավախություն ուներ, թե երեխաների հետ ինչպես է աշխատելու։ Բայց մի անգամ դպրոց մտնելով՝ նա հասկացավ, որ իսկապես սիրում է երեխաներին, և երեխաներն էլ իրենց հերթին՝ նրան: «Մեծ սիրով եմ աշխատում։ Երբ մտքեր են առաջանում աշխատանքը փոխելու և առցանց աշխատանքի անցնելու, շուտ վանում եմ այդ մտքերը, մտածելով աշակերտներիս ուր թողնեմ գնամ։ Ամեն դժվար պահի աշակերտներիս սերը ինձ շատ է օգնել»,– ասում է Լիլիթը։ Ամեն օր դասի մտնելուց աշակերտներին տեսնելով, երիտասարդ ուսուցչուհին մոռանում է ամեն խնդրի ու հոգսի մասին։
Լիլիթի հետաքրքրասեր լինելը մեծապես տեսանելի է նաև նրա լեզվաբառարանական կարողությունների մեջ։ Նա արդեն լիարժեք տիրապետում է երեք լեզվի՝ հայերեն, վրացերեն և ռուսերեն, իսկ այժմ էլ ուսումնասիրում է անգլերեն, կորեերեն և ուկրաիներեն: Լիլիթը նաև սիրահարված է բնության լուսանկարչությանը, նկարչությանը և երաժշտությանը, այն ամենին, ինչի հիմքում ստեղծագործելն է։
«Ապագայում շատ եմ ուզում ավելի խորանալ արվեստի ոլորտում և ունենալ ևս մեկ նոր մասնագիտություն»,-ասում է Լիլիթ Կարախանյանը։
Մասնագիտությամբ վրաց լեզվի բանասեր և ուսուցչուհին փոքրուց երազել է նկարիչ, կամ հագուստի դիզայներ դառնալու մասին, բայց երբ 10-րդ դասարանում էր սովորում, Լիլիթը որոշեց վրաց լեզվի ուսուցչուհի դառնալ, «Քանի որ շատ էի սիրում վրաց լեզուն, որոշեցի վրաց բանասիրությունը ընտրել, երկրորդ կուրսից ընտրեցի նաև երկրորդ մասնագիտություն՝ ուսուցչուհի»։ Երիտասարդ Լիլիթի համար մասնագիտության ընտրությունը երկրորդ կուրսում մի փոքր սահմանափակված էր. «Երբ պետք էր հավելյալ մասնագիտություն ընտրել, ընտրությունը շատ քիչ էր՝ կամ ուսուցիչ, կամ պատմաբան: Չկար այլ տարբերակ, ուստի ես ընտրեցի ուսուցչի մասնագիտությունը՝ հաշվի առնելով, որ ցանկանում էի ապագայում դպրոցում աշխատել»,- նշում է նա:
Լիլիթը երիտասարդներին խորհուրդ է տալիս կատարել այն, ինչ իրենց սրտին է մոտ, այլ ոչ թե ինչ հասարակությունն է ակնկալում նրանցից, քանի որ «մարդու ընտրությունը իր արդյունքն է»։
Լիլիթի նպատակն է շարունակել կատարելագործվել արվեստի ոլորտում ու հնարավորություններ ստեղծել իր համար նոր մասնագիտություններ ձեռք բերելու համար։ Ինչպես ինքն է ասում, «համալսարանական տարիների ընթացքում հաճախ եմ ուզում վերափոխել իմ աշխատանքը, բայց երբ մտածում եմ իմ աշակերտների մասին, հասկանում եմ, որ ես իմ տեղում եմ»։
Ինչպես նշում է Լիլիթը, նրա մոտեցումը խնդիրներին և դժվարություններին միանշանակ դրական է. «Ես չեմ կենտրոնանում դժվարությունների և բացասական հանգամանքների վրա: Հենց դրական մտածելն է, որ չեմ նկատում ինչ-որ խնդրի առկայություն։ Եթե այդ պահին ինչ-որ գործ չի ստացվում անել, փորձում եմ դրա փոխարեն ուրիշ այլ գործով զբաղվել ու դրանով եմ համատեղում այդ պակասը։ Օրինակ՝ արվեստի դեպքում, որը պետք է նստեի ու սովորեի, ժամանակատար էր, համալսարանի հետ մեկտեղ սովորելը դժվար և ծանրաբեռնված էր, դրա համար թրենինգների և ծրագրերի միջոցով փոխարինեցի»,- հավելում է նա:
Լիլիթը բացատրում է նաև, որ այս ծրագրերի միջոցով նա կարողանում է ստանալ նոր գիտելիքներ տարբեր ոլորտներից և ծանոթանալ նոր մարդկանց հետ։