«Tolerant» կազմակերպությունը նոր երիտասարդական նախագիծ է սկսել Սամցխե-Ջավախեթիում

«Tolerant» կազմակերպությունը նոր երիտասարդական նախագիծ է սկսել Սամցխե-Ջավախեթիում

«Tolerant» կազմակերպությունը նոր երիտասարդական նախագիծ է սկսել Սամցխե-Ջավախեթիում։

Նախագծի շրջանակում Ախալցիխեում կազմակերպվել է 3-օրյա երիտասարդական ճամբար, որտեղ 18-28 տարեկան երիտասարդներ՝ տարբեր ազգությունների և դավանանքների համայնքներից ծանոթանում են միմյանց մշակույթներին, ավանդույթներին, ինչպես նաև Ախալցիխեի մունիցիպալիտետի կրոնական սրբավայրերին և պատմական հուշարձաններին։

NOR ռադիոկայանի հետ զրույցում կազմակերպության ղեկավար Ցիրա Մեսխիշվիլին նշեց, որ շատ հետաքրքիր նախագիծ են սկսել Սամցխե-Ջավախեթիում «Միջմշակութային երկխոսություն էթնիկ և կրոնական հակամարտությունների լուծման մեխանիզմներ» թեմայով․

«Մեր այս նախագծի խմբում ներգրավված են երիտասարդներ՝ 18-28 տարիքային սահմանում։ Շատ հետաքրքիր խումբ ստացվեց։ Տարբեր ազգերի և կրոնների ներկայացուցիչներ են։ Այս 3 օրվա ընթացքում մենք կներկայացնենք, թե ինչպես պետք է հարգենք մեկս մյուսի մշակույթը, ավանդույթները և կրոնը։ Մենք մեծ գործունեություն կիրականացնենք այս 3 օրվա ընթացքում։ Կծանոթանանք բոլոր կրոնական ու պատմական հուշարձաններին, որոնք Ախալցիխեում են գտնվում»։

Նշենք, որ նախգծի հաջորդ փուլը կանցկացվի Ախալքալաքում, որտեղ տարբեր ազգությունների ներկայացուցիչները կներկայացնեն իրենց ազգային խոհանոցը՝ շարունակելով միջմշակութային հաղորդակցության գործընթացը։

Radio NOR · ცირა მესხიშვილი

«Այսպիսի թրենինգները շատ կարևոր են, հատկապես այն պետությունների համար, որոնք բազմամշակութային են, այսինքն՝ երբ տվյալ պետությունում ապրում են տարբեր էթնիկ փոքրամասնություններ։ Դրանք կարևոր են, որովհետև հնարավորություն են տալիս ձեռք բերել նոր ծանոթություններ և գիտելիքներ։ Բացի այդ, էական է, որ էթնիկ փոքրամասնությունները ինտեգրվեն էթնիկ մեծամասնության հասարակության մեջ, ծանոթանան նրանց ավանդույթներին ու մշակույթին, և նույնն էլ՝ հակառակը։ Նշանակալից էր նաև, որ մասնակցում էին տարբեր տարիքային խմբերի երիտասարդներ։

Թրենինգը հետաքրքիր էր նաև այն առումով, որ բացի թեմատիկ շնորահանդեսից, մասնակիցները հնարավորություն ունեին ծանոթանալու տեղի տարբեր եկեղեցիներին»,- ասաց մասնակից Լուսինե Ամիրխանյանը՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին, քանի որ նրանք միշտ ուշադրություն են դարձնում այս կարևոր խնդրին։

Լուսինեի խոսքով՝ ամեն ինչ սկսվում է գիտելիքից. «Եթե մեկը գիտի մյուսի մասին, ունի գիտելիք, ուրեմն արդեն կա հարգանք։ Փոխանակումն էլ է կարևոր, օրինակ՝ ինձ դուր է գալիս որևէ վրացական ավանդույթ, և դրանով եմ առաջնորդվում, իսկ վրացի ընկերս պահպանում է հայկական մի ավանդույթ»,- եզրափակեց նա։

Հավելենք, որ «Tolerant» կազմակերպությունը նշում է իր 25-ամյակը։

Էթնո-կրոնական միջնորդության ուսուցումը կօգնի մասնակիցներին ձեռք բերել և զարգացնել հմտություններ հակամարտությունների լուծման համար։ Միջնորդության և երկխոսության օգտագործումը էթնո-կրոնական հակամարտությունների լուծման համար ունի կայուն խաղաղություն ստեղծելու ներուժ: Միջնորդության և երկխոսության միջոցով էթնո-կրոնական հակամարտությունների կանխարգելման և կարգավորման մեխանիզմների հայեցակարգը, մշակումը և ստեղծումը կօգնի ամրապնդել խաղաղ գոյակցությունը մշակութային, էթնիկ, ռասայական և կրոնական խմբերի միջև:

Տեսանյութը՝ ստորև.

Ֆոտոշարք