Կոտրված ջրապատնեշը մնում է Մադաթափա լճի ամենամեծ խնդիրը

Կոտրված ջրապատնեշը մնում է Մադաթափա լճի ամենամեծ խնդիրը

Մադաթափա լճի համար շարունակում է մարտահրավեր մնալ կոտրված ամբարտակը։ Դրա բացակայությունը մեծ վնաս է հասցնում լճին և լճի էկոհամակարգին։ Մադաթափա լիճը, որը տարիներ առաջ լի էր կարաս ձկնատեսակով, այսօր այն գրեթե վերացել է։ Ամռան ամիսներին ջրի մակարդակը սկսում է նվազել՝ տեղը զիջելով ճահիճներին, որոնք հիմք են հանդիսանում լճի չորացած մասերի կանաչապատմանը, իսկ այդպիսով լճի մակերեսը գնալով նվազում է։

NOR ռադիոկայանը այս խնդրին անդրադարձել է շատ անգամներ, ևս մեկ անգամ փորձեցինք պարզել, թե նախատեսվում է կոտրված ջրապատնեշի վերականգնում 2025 թվականին։ Այս հարցով դիմեցինք Ջավախքի պահպանվող տարածքների ներկայացուցիչ Թամազ Կարապետյանին։ Ներկայացուցչի խոսքով, արդեն 2 անգամ մրցույթ է հայտարարվում, բայց ոչ ոք չի ցանկանում մասնակցել․ «Մենք ուզում ենք, որ դա անպայման լինի, որովհետև շատ կարևոր խնդիր է»,- հավելեց Կարապետյանը։

Ինչպես ավելացրեց Թամազ Կարապետյանը, կա նաև նոր հովանավոր և հույս կա, որ կվերանորոգվի։

Մադաթափա լիճը ներառված է «Ջավախեթի» ազգային պարկում և հանդիսանում է թռչունների միգրացիայի միջանցք, որտեղ գերակշռում են գորշ կռունկները, սպիտակ և գորշ ձկնկուլները, սագերն ու բադերը, լճի տարածքում նկատվել են նաև ֆլամինգոներ և այլ տարբեր տեսակի կենդանի օրգանիզմներ։