
Մեծ Խանչալի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգման աշխատանքները շարունակվում են։ Վերանորոգումը սկսվել է 2023 թվականին և մինչ այժմ շարունակվում են ակտիվ աշխատանքները։
«Ինչպես տեսնում եք, անցյալ տարվանից կանգնեցված են եկեղեցու պատերը, հրավիրեցինք վարպետներ Հայաստանից, տեղի վարպետների հետ մեկտեղ բավականին մեծ աշխատանք կատարվեց, այժմ հաջորդ փուլն է մեկնարկել։ Այս տարվա նպատակն է մաքսիմալ կերպով կառուցել և կտուրի տակ առնել կառույցը։ Մինչև այժմ շատ քիչ աշխատանք է տարվել, անբարենպաստ եղանակից ելնելով»,- հայտնեց Աշոտ Իրիցյանը NOR ռադիոկայանին։
Ինչպես նշեց Աշոտ Իրիցյանը, ֆինանսական խնդիր չի լինի, գյուղացիները համախմբված են և ոգևորված են այս կառույցը վերջացնելու համար։
Չնայած աշխատանքները ակտիվ կերպով շարունակվում են, սակայն բավականին շատ աշխատանք կա կատարելու։
Իրիցյանի խոսքով, այժմ սկսվում են բարդ աշխատանքները, որոնք ծախսատար ու ժամանակատար են։
«Ավելի լավ է մի քիչ ուշ լինի, բայց մեր ուզածի պես գեղեցիկ և լավ լինի»,- հայտնեց Աշոտ Իրիցյանը։
Բնակիչները NOR ռադիոկայանի հետ զրույցում նշում են, որ եկեղեցու վերանորոգման մեջ ներգրավված են գյուղի բոլոր բնակիչները, ինչպես նաև Ռուսաստանում և Եվրոպայում ապրող մեծ խանչալեցիները, որոնք ունեն մեծ ներդրում այս գործում։
«Ամբողջ գյուղի անունից ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել ռուսաստանաբնակ մեր համագյուղացիներին, ինչու չէ նաև Եվրոպայում ապրողներին։ Փառք Աստծո շինարարությանը ոչ մի խոչընդոտ չկա առայժմ»,-նշեց բնակիչը։
Լսեք աուդիոնյութը ստորև.
Մանրամասները տեսանյութում