Վրաստանում Ռուսաստանի շահերի բաժնի ղեկավարը հրաժարական է տվել

Վրաստանում Ռուսաստանի շահերի բաժնի ղեկավարը հրաժարական է տվել

Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատան ռուսական շահերի բաժնի ղեկավար Դմիտրի Տրոֆիմովը հայտարարել է, որ լքում է իր պաշտոնը։

«Իմ ճանապարհորդությունը քարթվելցիների երկրով ավարտվեց», – գրել է նա Ֆեյսբուքում, որն արգելված է Ռուսաստանում։

Դմիտրի Տրոֆիմովը Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատան Ռուսաստանի շահերի բաժինը ղեկավարում է 2021 թվականի հունվարից։ Այս տարվա փետրվարին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ նախատեսում է փոխել շահերի բաժնի ղեկավարին՝ ընդգծելով, որ դիվանագետին հետ կանչելու մասին խոսք չի եղել։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Տրոֆիմովի պաշտոնից հեռանալը պլանավորված ռոտացիա էր։ Միաժամանակ Սմոլենսկայան ընդգծեց, որ իրենք դրական են գնահատում Տրոֆիմովի կողմից Թբիլիսիում գտնվելու վերջին չորս տարիների ընթացքում բաժնի ղեկավարի պաշտոնում կատարված աշխատանքը, այդ թվում՝ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու նրա ջանքերը։