
Իրանն առաջարկում է TRACECA-ի (Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի) շրջանակում ստեղծել Իրան-Ադրբեջան-Վրաստան տարանցիկ միջանցք։ Այս մասին հայտնել է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարի խորհրդական Ամին Տարաֆոն, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նա նշել է, որ նախաձեռնությունը հայտարարվել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանա Սադեղի՝ վերջերս Ադրբեջան կատարած այցի ժամանակ և արժանացել պաշտոնյաների հավանությանը։
Տարաֆոյի խոսքով՝ այս տարի Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարը կգլխավորի TRACECA-ն։ TRACECA-ն միջազգային ճանաչում ունեցող ծրագիր է, որը նպատակ ունի զարգացնել տնտեսական հարաբերությունները, առևտուրը և տրանսպորտային հաղորդակցությունները Սև ծովի ավազանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում։
Միջազգային տրանսպորտային այս միջանցքը ներառում է Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացման միջազգային տրանսպորտի մասին բազմակողմ հիմնական համաձայնագրին (BMA TRACECA) մասնակցող 14 երկրների տրանսպորտային համակարգը՝ Ադրբեջան, Հայաստան, Բուլղարիա, Վրաստան, Իրան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Ռումինիա, Տաջիկստան, Թուրքմենստան, Թուրքիա, Ուկրաինա, Ուզբեկստան։
Հավելենք, որ իրանցի նախարարի Ադրբեջան այցի ընթացքում ադրբեջանական և իրանական պատվիրակությունները Կովսականում և Նախիջևանում ծանոթացել են ճանապարհների և էլեկտրաէներգիայի ոլորտում իրականացվող համատեղ նախագծերին։