«Ես ապրում եմ գույներով ու գծերով, ապրում եմ ստեղծելով»․ Վանիկ Թևանյան

«Ես ապրում եմ գույներով ու գծերով, ապրում եմ ստեղծելով»․ Վանիկ Թևանյան

«Նկարչությունը իմ կյանքն է։ Ես ապրում եմ գույներով ու գծերով, ապրում եմ ստեղծելով։ Դա պարզապես մասնագիտություն չէ. այն իմ էության մի մասն է։ Երբ նկարում եմ, ներսից ամբողջությամբ խաղաղվում եմ։ Դա այն լեզուն է, որով խոսում եմ աշխարհի հետ։ Նկարչությունը ինձ ինքնություն է տվել որպես մարդ, որպես ուսուցիչ, որպես ստեղծագործող», -նշում է նկարիչ Վանիկ Թևանյանը։

Վանիկ Թևանյանը ծնվել է 1988 թվականին Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում։ Սովորել է տեղի Վահան Տերյանի անվան թիվ 1 հանրային դպրոցում։ Դեռ դպրոցական տարիներից գեղարվեստն եղել է իր միակ ու անվերապահ հետաքրքրությունը։ Թեև դպրոցում կերպարվեստի դասընթացը չէր բավարարում իր ստեղծագործական ձգտումներին, Վանիկը երբեք չէր դադարում նկարել իր տետրերի, պահարանի, անգամ դասագրքերի մեջ։ Չնայած նրան որ խմբակի չի հաճախել, այդ տարիներին գունապնին դարձել էր նրա ամենահավատարիմ ուղեկիցը։

Դպրոցն ավարտելուց հետո Վանիկի ամենասպասված երազանքն իրականանություն է դառնում. նա ընդունվում է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանի գեղանկարչության բաժին։ Ինչպես նշում է նկարիչը մեզ հետ զրույցում, ուսման հինգ տարիների ընթացքում ունենում է հրաշալի դասախոսներ և ընկերներ։ Այդ տարիներին ձեռք բերած հիմնավոր կրթությունն ու տեսական հիմքերը դառնում են իր մասնագիտական ճանապարհի ամուր հենարանը։

Ուսանողության տարիները լեցուն են եղել ինչպես ոգևորությամբ, այնպես էլ որոշակի դժվարություններով։ Մեծագույն մարտահրավերն այն էր, որ պիտի ապացուցեի՝ արվեստը պարզապես սեր չէ, այլ լուրջ աշխատանք և մասնագիտություն։ Բայց դա ինձ երբեք չկոտրեց։ Դասախոսներիս աջակցությունը, որոնց հետ մինչ օրս կապը պահպանում եմ ու գեղանկարչության հանդեպ անվերապահ սերս ինձ ուժ տվեցին հաղթահարելու բոլոր խոչընդոտները,– նշում է Վանիկ Թևանյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում:

2011 թվականին վերադառնալով հայրենի գյուղ ՝ ընդունվում է Գանձայի թիվ 2 հանրային դպրոց որպես նկարչության ուսուցիչ։ Այդ ժամանակից ի վեր՝ արդեն 14 տարի, շարունակում է աշխատել այնտեղ։ Այժմ նաև աշխատում է որպես դպրոցի տեղեկատու մենեջեր և կազմակերպիչ, ակտիվորեն մասնակցում է դպրոցի տարբեր միջոցառումներին։

2012 թվականից սկսում է նաև անհատական պարապմունքներ դիմորդների համար, ովքեր ցանկանում էին ընդունվել արվեստի ոլորտ։ Ամեն տարի ունենալով 2-3 դիմորդ, իսկ այս տարիների ընթացքում արդեն 18 հոգի ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ, որոնց մի մասը շարունակում է իր ուսումը, մյուսներն արդեն ավարտել են։

Ես մշտապես ձգտում եմ իմ աշակերտներին փոխանցել ոչ միայն տեխնիկական հմտություններ, այլև գեղարվեստական մտածողություն, գույնի նրբություն, պատկերային խորություն,- նշում է Վանիկ Թևանյանը։

2022-ին մասնակցում է Վրաստանի էլեկտրաէներգիայի կազմակերպած մրցույթին, որի շրջանակում նրա աշխատանքը ընդգրկվել է լավագույն հնգյակում։ «Ո՛չ կանանց նկատմամբ բռնությանը» խորագրով ցուցահանդեսում աշխատանքն ընդգրկվում է լավագույն տասնյակում։

2023 թվականի հունվարին մասնակցում է Մեծ Բրիտանիայում անցկացվող Golden Time Talent միջազգային մրցույթին, որտեղ ժյուրիի քվեարկությամբ արժանանում է առաջին տեղին։ Նա ստանում պարգև և հնարավորություն ունենալու անվճար անհատական ցուցահանդես Մեծ Բրիտանիայում։

Պարգևատրվում է դիպլոմով՝ որպես միջազգային մրցույթում ճանաչում ստացած արվեստագետ։ Այսօր շարունակում է նկարել, առանց որի չի պատկերացնում իրեն։ Նա շարունակում է դասավանդել ու կրթել կրտսեր սերնդին՝ նրանց մեջ արթնացնելով արվեստի սերը ու ստեղծագործելու ձգտումը։

Մեծ Բրիտանիայում մասնակցությունը Golden Time Talent միջազգային ցուցահանդեսին իմ համար եղավ շրջադարձային պահ՝ թե՛ որպես արվեստագետ, և թե՛ որպես ուսուցիչ։ Դա ինձ տվեց վստահություն, որ իմ ստեղծագործական ոճը և մտածողությունը միջազգային հարթակում ևս հասանելի ու գնահատելի է։ Այն հաստատեց, որ իմ անցած ճանապարհը արժեքավոր է ոչ միայն տեղական, այլև համաշխարհային մակարդակում: Ցուցահանդեսից հետո փոխվեց իմ ընկալումը, ինչպես իմ անձի, այնպես էլ իմ առաքելության մասին։ Սկսեցի ավելի խորապես հավատալ, որ արվեստը սահմաններ չի ճանաչում, և որ մեր գյուղից էլ հնարավոր է հասնել մեծ հարթակների,- ասում է Վանիկ Թևանյանը։

Նա ունի անձնական ակտիվ արվեստանոց, բազմաթիվ նկարներ, որոնցից առանձնահատուկ է համարում դիպլոմային աշխատանքը՝ «Հաց» և «Ծնունդ» նկարները։

Բացի այդ, այժմ Վանիկ Թևանյանը ունի տարբեր տարիքի 22 աշակերտներից բաղկացած խմբակ Գանձայում, որոնցից մի քանիսը գալիս են նաև Փոկա և Սաղամո գյուղերից։

2023 թվականի աշնանը Նինոծմինդայի շրջանում հիմնում է «Վան Արտ Ստուդիա»-ն։ Այստեղ ներկայումս սովորում են 20 աշակերտներ՝ Նինոծմինդայից, Ղուլալիսից, Արագյալից և Եփրեմովկայից։

«Շատ ոգևորիչ է նրանց նվիրվածությունը և սերը արվեստի հանդեպ։ Մեկ տարի անց կազմակերպեցի «Ծաղկող մայրություն» խորագրով ցուցահանդեսը, որը մեծ արձագանք ունեցավ։ Բոլոր ներկաները հիացած էին իմ աշակերտների աշխատանքներով՝ գծի, գույնի և կոմպոզիցիայի խոր զգացողությամբ։ Դպրոցի երեք հարկերը մշտապես զարդարված են իմ աշակերտների աշխատանքներով, որոնք ամիս առ ամիս թարմացվում են՝ ըստ թեմատիկ ցուցահանդեսների»,-ասում է Թևանյանը։

Թեպետ արդեն կայացած արվեստագետ և մանկավարժ է, նա մտածում է, որ եթե հնարավորություն ունենար երկրորդ մասնագիտություն ընտրելու, ապա, ամենայն հավանականությամբ, կսովորեր մանկավարժություն խորացված ուղղությամբ կամ հոգեբանություն՝ երեխաների հետ աշխատանքն առավել արդյունավետ ու խորքային դարձնելու նպատակով։

«Անկեղծ ասած՝ ես կրկին կընտրեի նույն ուղին»,– ասում է նա։ Նկարչությունը նրա համար ոչ միայն մասնագիտություն է, այլ կենսակերպ՝ լի դժվարություններով, հաղթանակներով, սրտացավ պահերով ու ստեղծագործական հրճվանքով։

Խորհուրդս մեկն է՝ երբեք մի կասկածեք ձեր ճանապարհին։ Եթե գույները ձեզ կանչում են, ապա վստահ եղեք, որ ունեք ասելիք։ Սովորեք, հարցեր տվեք, մշտապես փնտրեք նոր ձևեր, բայց մի մոռացեք ձեր ներսի լռությունն ու անհատականությունը։ Եվ ամենակարևորը՝ աշխատեք անդադար։ Նկարիչ լինելը աշխատանք է՝ ոչ միայն խոզանակով, այլ ամբողջ հոգով։ Մի վախեցեք սխալվելուց՝ դրանք նույնպես կրթում են։ Իսկ երբ սրտով եք ապրում ստեղծագործությունը, ձեր ճանապարհը հաստատ կգտնի իր լուսավոր շարունակությունը նշում է Վանիկ Թվանյանը NOR-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով, նկարչությունն օգնում է երեխաներին զարգացնել ոչ միայն ձեռքի հմտություններ, այլև մտածողություն, երևակայություն և զգայունություն։ Նա նաև նշեց, որ արվեստը երեխաներին դարձնում է ավելի տեսնող, զգացող և մարդասեր։

«Ես ապրում եմ գույներով ու գծերով, ապրում եմ ստեղծելով», — այս խոսքերն են բնութագրում Վանիկ Թևանյանի էությունը։ Նա արվեստի կրողն է, որ իր լույսը փոխանցում է հաջորդ սերնդին։

Նկարչությունն իր համար դարձել է ինքնաարտահայտման, ինքնաճանաչման և զարգացման յուրահատուկ ուղի։ Այն ոչ միայն արվեստի դաշտ է ապահովել, այլ նաև միջավայր՝ մարդկանցով լի, որոնք դարձել են նրա ճանապարհի անբաժան մասը։ Նրա աշակերտներից յուրաքանչյուրն առանձնահատուկ տեղ է զբաղեցրել իր առաքելության մեջ։ Երբ նա տեսնում է ոգևորության փայլը նրանց աչքերում կամ ականատես է լինում նրանց առաջընթացին, այդ պահերը դառնում են իր գործունեության ամենաթանկ պարգևներից։

Վանիկ Թևանյանը ապրում է իր ծնողների, կնոջ և երկու երեխաների հետ՝ սիրո և հարմոնիայի միջավայրում։ Ընտանիքը նրա ստեղծագործական կյանքի ամուր հիմքն է և ամենախոր ներշնչանքի աղբյուրը։

Վանիկ Թևանյանի մեծագույն երազանքն է ստեղծել արվեստի կենտրոն ամբողջ տարածաշրջանի երեխաների համար՝ մի տարածք, որտեղ յուրաքանչյուրը կկարողանա գտնել իր տեղը՝ անկախ իր կարողություններից կամ սոցիալական հնարավորություններից։ Նա երազում է ունենալ մեծ, լուսավոր, ժամանակակից պայմաններով ստուդիա, որտեղ ոչ միայն դասավանդելու է, այլ նաև կստեղծի նոր մշակութային արժեքներ՝ հայրենի հողի վրա։