Նինոծմինդայի այգիներում չորացած ծառերն ու թփերը կփոխարինվեն նորերով

Նինոծմինդայի այգիներում չորացած ծառերն ու թփերը կփոխարինվեն նորերով

Նինոծմինդա քաղաքի Կենտրոնական զբոսայգու և Հայոս Քարթլոս այգու որոշ ծառեր և թփեր չորացել են։

Այսօր՝ NOR ռադիոկայանի լրագրողները խնդրի առնչությամբ դիմեցին Նինոծմինդայի Կոմունալ ծառայություն՝ պարզելու համար արդյոք նախատեսվում են չորացած ծառերի և թփերի փոխարինման աշխատանքներ, թե ոչ։ Կոմունալ ծառայության տնօրենի տեղակալ Սիմոն Մոսոյանը մեզ հայտնեց, որ այս տարի ունեն նախագիծ, որով մայիս ամսից չորացած թփերը և ծառերը կփոխարինվեն նորերով։

Բացի քաղաքային այգիներից, Նինոծմինդայի կենտրոնական հատվածում ևս նախատեսվում են բարեկարգման աշխատանքներ՝ ծաղիկների տնկում, ծառերի վերականգնում և սիզամարգերի ավելացում։ Սակայն ներկայումս քաղաքում ընթանում են ջրագծի վերափոխման լայնածավալ աշխատանքներ, այդ իսկ պատճառով նախատեսված գործողությունները ժամանակավորապես հետաձգվում են։

«Սա արվում է այն նպատակով, որպեսզի խուսափեն կրկնակի աշխատանքից՝ բարեկարգված տարածքները չվնասվեն»,-նշում է Սիմոն Մոսոյանը։

Նշենք նաև, որ Կոմունալ ծառայության կողմից սպիտակեցվել են կենտրոնական զբոսայգու ծառերի բները։

Նշենք, որ Նինոծմինդայի այգիներում բույսերի վրա ծախսվել է ավելի քան մեկ միլիոն լարի, մասնավորապես՝ 1,132,780 լարի։ Աշխատանքներն իրականացրել է «Սաբա Քոնսթրաքշն» ընկերությունը։ 2022 թվականի օգոստոսին Նինոծմինդա քաղաքում իրականացվել է «Հայոս Քարթլոս» այգու բարեկարգման լայնածավալ ծրագիր, իսկ Կենտրոնական զբոսայգու վերականգնման աշխատանքներն իրականացվել են 2023 թվականին։