
Փոկա գյուղը՝ փռված Փարվանա լճի փրփրոտ ափերին, մի վայր է, որտեղ բնությունն ու մարդը սերտ միաձուլված են։ Այստեղ ամեն առավոտ սկսվում է լճի խաղաղ ջրերի հայելային անդրադարձով ու թռչունների երգով։ Այս վայրում են ծնվել և մեծացել մարդիկ, որոնց մասին խոսելիս առաջինը հիշում ես՝ աշխատասիրություն, պարտաճանաչություն ու ամուր հոգի։ Փոկացին երբեք չի վախեցել քրտինք թափել հանուն հողի, հանուն տան ու հանուն արժանապատիվ կյանքի։
Փոկայի պատմության մի ճյուղը մեզ տարավ 75 տարի դեպի հետ մինչև 1950 թվականի ապրիլի 22, երբ ծնվեց Սեյրան Հովակիմի Կյուրեղյանը։
Սեյրան կյուրեղյանը ծնվեց ծառայողի ընտանիքում։ Հայրը` Հովակիմ Կյուրեղյանը, առաջին Մեծ հայրենական պատերազմի մասնակից է և առաջին կարգի հաշմանդամ, առանց ոտքի։ Արժանացել է երկու կարմիր աստղի, որը տրվել է շատ քչերին և պարգևատրվել Հայրենական մեծ պատերազմի առաջին աստիճանի շքանշանով։ Եղել է Փոկա գյուղի գրադարանի և ակումբի վարիչ։
Ընտանիքում 6 երեխաներ են եղել, երեք քույր և երեք եղբայր։ Հայրն ու մայրը արժանապատվորեն են մեծացրել ու դաստիարակել իրենց երեխաներին։ Մայրը` Սիրանուշ Կյուրեղյանը տնային տնտեսուհի էր։
Սեյրան Կյուրեղյանը 1955 թվականին հաճախել է Փոկայի միջնակարգ դպրոց։ Դպրոցը ավարտելուց հետո 1964 թվականին ընդունվել է Գյումրիի բժշկական տեխնիկում` բուժակ մասնագիտությամբ։ Ավարտելուց հետո վերադարձել է ծննդավայր և աշխատանքի է անցել Փոկայի, Ասպարայի և Գանձայի բուժկետերում։
Բուժակ աշխատելու ժամանակ Կյուրեղյանը փրկել է շատերի կյանքը, հաշվի չառնելով մութ գիշերները, ձմեռային բուքն ու բորանը, տրանսպորտ չլինելու հանգամանքները։ Այս մասին անգամ գրված է «Արշալույս» թերթում, երբ բնակիչները իրենց շնորհակալությունն են հայտնել բուժակին օգնության հասնելու և կյանքեր փրկելու համար։
Շարունակելով ներկայացնել Սեյրան Կյուրեղյանի կյանքն ու գործունեությունը՝ նշենք, որ 1970 թվականին անցել է աշխատանքի Վլադիմիրովկայի 8-ամյա դպրոցում, որպես կենսաբանության ուսուցիչ։ Մեր այն հարցին թե ինչպես է այն ժամանակ դժվարին պայմաններում մեկնել աշխատանքի, երբ տրանսպորտ չկար, երբ պետք է մեկներ դժվարհասանելի գյուղեր` Վլադիմիրովկա, Ասպարա, Կյուրեղյանը պատասխանեց, որ շատ դեպքերում ճանապարհը ոտքով է կտրել անցել, մինչև որ գյուղում հայտնվեց առաջին «Մոսկվիչ» մեքենան, որը պատկանում էր հենց իրենց։
Վլադիմիրովկայում մի տարի աշխատելուց հետո տեղափոխվել է Փոկայի միջնակարգ դպրոց, որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, նույն տարին էլ ընդունվել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետ, հեռակա ուսուցման ձևաչափով, ավարտել է 1975 թվականին։ Փոկայի միջնակարգ դպրոցում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։
1985 թվականին ընտրվել է Փոկայի Կամոյի անվան կոլտնտեսության կուսկազմակերպության քարտուղար, որից հետո կոլվարչության նախագահ մինչև 1993 թվականը։
1993 թվականի սեպտեմբերից նշանակվել է աշխատանքի Գորելովկայի թիվ երկու միջնակարգ դպրոցում որպես տնօրեն։ Այդ պրոցի հիմնադիրը ինքը Սեյրան կյուրեղյանն է։
Ինչպես ինքն է նշում, դպրոցում դասավանդելու տարիներին եղել է պահանջկոտ, կարգապահ, պարտաճանաչ։ «Եղել են դեպքեր, երբ գիշերը գնացել եմ Կախեթի և վերադարձել եմ հետ, որպեսզի առավոտյան չուշանամ դասերից»,-հիշում է Կյուրեղյանը և կիսվում մեզ հետ։
Մանկավարժական տարիներին ձեռք է բերել երեխաների և աշխատակազմի կողմից մեծ հարգանք։ Լինելով բանասեր՝ ընթերցել է շատ գրքեր, բայց բազմաթիվ գրքերի մեջ ունի իր հոգեհարազատ և ամենասիրելի գիրքը, դա անհայտ գրողի «Ագափի» վեպն է։
Սեյրան Կյուրեղյանը անընդհատ աշխատել է ու հրավերներ է ստացել աշխատելու տարբեր տեղերում ու բնագավառներում։ 2002 թվականից մինչ օրս ընտրվել և աշխատում է Նինոծմինդայի համար 41 տարածքային հանձնաժողովի նախագահ։
Սեյրան Կյուրեղյանը ամուսնացել է 16 տարեկան հասակում։ Ունի 4 երեխա` 1 տղա երեք աղջիկ, բոլորը ունեն բարձրագույն կրթութուն և ամուսանցած են, նրանք են Սումբատ, Լեյլի, Հասմիկ, Գայանե Կյուրեղյանները։ Կինը Մարգարիտա Արզումանի Կյուրեղյանն է, ով ունի միջին մասնագիտական կրթություն և երկար տարիներ աշխատել է Փոկայի մանկապարտեզում։ Սեյրան և Մարգարիտա Կյուրեղյանները ունեն 11 թոռ և 6 ծոռ։
Կյուրեղյանների ընտանիքը 1993 թվականին տեղափոխվել է Գորելովկա, որտեղ էլ աստիճանաբար և տարիների ընթացքում հիմնել իրենց անասնապահական ֆերման և սեփական պանրի գործարանը։
Սեյրան Կյուրեղյանի 75 տարիների կյանքի պատմության մեջ 50/50 հարաբերակցությամբ գերակշռել են ահռելի դժվարությունները և հաջողությունները։ Բայց դժվարությունները հաղթահարել է աշխատասիրության ու մեծ ձգտման շնորհիվ։ Իր բոլոր աշխատանքներում եղել է վերին աստիճանի կարգապահ, ու խստապահանջ։ Ընտանիքում էլ եղել է խստապահանջ։
Ինչպես նշեց Կյուրեղյանը. «Ընտանիքը լավ ղեկավարողը կարող է լավ ղեկավար լինել գյուղում, գյուղը լավ ղեկավարողը կարող է ղեկավար լինել քաղաքում, քաղաքը լավ ղեկավարողն էլ կարող է լավ ղեկավար լինել երկրում։ Ամեն ինչ սկսվում է ընտանիքից ու դաստիարակությունից»։ Խստապահանջությունը, կարգապահությունը ժառանգել է հորից. «Հայրս էլ էր այդպես։ Ես պետք է իմ նշանակած ժամին լինեմ իմ տեղում։ Չկա մի մարդ, որ չհասնի իր ուզած նպատակներին, եթե ցանկանում է, պարզապես ոմանք ուշ են հասնում, ոմանք շուտ, բայց կարևորը ցանկանալն է, աշխատասիրությունն է, պարտաճանաչությունն է»,- ասում է Սեյրան Կյուրեղյանը։
Մենք նաև խնդրեցինք Սեյրան Կյուրեղյանին համեմատել ներկա և անցած տարիների ժամանակահատվածը, որտեղ աշխատել ու ապրել է տարբեր սերունդների հետ, փորձեցինք պարզել հարգանքի այսօրվա չափաբաժինը երիտադարդների կողմից։
Ինչպես նշեց Կյուրեղյանը, ժամանակները անհամեմատելի են, հիմա կյանքը շատ ավելի հեշտ է, քան նախկինում, իսկ հարգանքը հետընթաց է ապրում։
Այս մասին մանրամասները լսեք աուդիոնյութում.
Արդեն 75 տարի է, ինչ ապրում և արարում է Սեյրան Կյուրեղյանը, ով իր ապրած կյանքով ցույց է տալիս աշխատասիրության, նվիրումի ու արժանապատվության արժեքը։ Նա անցյալի փորձը վերածել է ներկայում ապրելու ուժի՝ առանց մոռանալու այն արմատները, որոնք պահել են իր ուղին։ Այսօր նա շարունակում է քայլել նույն հաստատակամությամբ՝ հարգելով անցյալը, արժևորելով ներկան և պատասխանատվությամբ նայելով ապագային, օրինակ ծառայելով շատերին։