Հեշտիա գյուղի թիվ 2 հանրային դպրոցը մեծ շուքով նշեց հիմնադրման 60-ամյակը

Հեշտիա գյուղի թիվ 2 հանրային դպրոցը մեծ շուքով նշեց հիմնադրման 60-ամյակը

Մայիսի 11-ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի ակումբում տեղի ունեցավ միջոցառում, որը նվիրված էր Հեշտիա գյուղի թիվ 2 հանրային դպրոցի հիմնադրման 60-ամյակին։

Միջոցառումը կայացավ Հեշտիայի թիվ 2 դպրոցի տնօրեն Լալազար Արոյանի ղեկավարությամբ՝ ուսուցչական անձնակազմի և աշակերտների ակտիվ աջակցությամբ, որտեղ ներկա էին գտնվում Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Ավագանու նախագահ Վահան Արոյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սումբատ Կյուրեղյանը և այլ ուրիշ պաշտոնյաներ, Նինոծմինդայի տարբեր կրթական կառույցներից ներկայացուցիչներ, տարբեր տեղերից եկած հյուրեր, գյուղի երկու դպրոցների ուսուցչական անձնակազմը, համագյուղացիներ, դպրոցի աշակերտներ և այլոք։

Հեշտիայի երկու դպրոցի սաները տոնական միջոցառման շրջանակում հանդես եկան երաժշտական, պարային համարներով և ասմունքով՝ ստեղծելով ջերմ ու ոգեշնչող մթնոլորտ։ Միջոցառումը բաղկացած էր մի քանի հատվածներից, որոնք լի էին ստեղծագործական ոգով և ազգային արժեհամակարգի շեշտադրմամբ։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հեշտիայի թիվ 2 դպրոցի տնօրեն Լալազար Արոյանը նշելով․ «Այսօր մեր դպրոցը լրացնում է 60-ամյա բարձունքը, մենք միշտ էլ հպարտացել ենք մեր սերունդներով, մեր բաց թողած այն կադրերով, ովքեր այսօր աշխարհի տարբեր անկյունում բարձր են պահում դպրոցի անունը։ Դպրոցը մարդու կյանքում աշխարհաճանաչման և ինքնահաստատման ժամանակաշրջան է, այստեղ է ձևավորվում մարդը իր բոլոր կողմերով՝ բնավորությամբ, աշխարհահայացքով և մտածելակերպով։ Մեր դպրոցը տվել է ոչ միայն գործարարներ այլև տվել է գիտնականներ, դերասաններ, տարբեր աստիճանի մարդկանց»։

Տոնական միջոցառման ընթացքում իր ողջույնի խոսքով հանդես եկավ Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սումբատ Կյուրեղյանը, ովքեր կարևորեցին նման նախաձեռնությունների դերը կրթական և մշակութային դաստիարակության գործում։

Հեռակա կարգով միջոցառմանը միացավ նաև հայտնի գիտնական, բժիշկ և բանաստեղծ Մկրտիչ Գրաբսկին՝ մասնակիցներին հղելով իր սրտաբուխ ողջույնը և մաղթանքները։

Միջոցառման ընթացքում իր խոսքով հանդես եկավ նաև Հայրենական մեծ պատերազմի վետերան, Հեշտիայի թիվ 2 դպրոցի առաջին տնօրեն՝ Ներսես Սիմոնյանը։

«1965 թվականին բացվեց դպրոցը որտեղ ես աշխատեցի 28 տարի։ Ինձ համար այսօր շատ մեծ և ուրախալի օր է, որ նշվում է դպրոցի 60 ամյակը, շնորհավորում եմ իմ նախկին աշակերտներին, համագյուղացիներին, հարգարժան հյուրերին, ինչպես նաև հարևան գյուղերի դպրոցի տնօրեններին»,- ասաց Սիմոնյանը։

Ներկաների ելույթներից և խոսքերից պարզ դարձավ, որ դպրոցի հարուստ պատմությունը և վեց տասնամյակների ընթացքում ձեռք բերված հաջողությունները ապացուցում են, որ այն եղել ու կմնա համայնքի ուսուցման և մշակույթի պահպանման հենակետ։ 60 տարիների ընթացքում ձևավորված արժեքները և կրթական սկզբունքները շարունակելու են մնալ դպրոցի հաջողության գրավականը, ապահովելով նրան հետագա առաջընթաց և նոր ձեռքբերումներ։

Այս հոբելյանը համարվում է ոչ միայն հիշարժան օր այլ նաև դպրոցի անցած ողջ ուղին է իր մեջ ներառում։ Վեց տասնամյակ դպրոցը եղել է կրթության մադկայնության և նվիրվածության խորհրդանիշ։

Նշենք որ տարիներ առաջ գյուղում եղել է մեկ դպրոց, այնուհետև 1965 թվականին այն բաժանվել և դարձել է երկու դպրոց։

Ամենավերջում բարեգործ և մանկավարժ Թումաս Վարդանյանը ով բեմից ելույթ ունենաալով ողջունեց բոլոր ներկա գտնվողներին և դպրոցին նվիրեց գույք՝ սեղաններ և աթոռներ։

Վիկտոր Հովսեփյանի անունը կրող Հեշտիայի թիվ 1 հանրային դպրոցի տնօրեն Նանե Հովսեփյանը ով նույնպոս ներկա էր միջոցառմանը, դպրոցի աշխատակազմի և աշակերտների անունից սրտանց շնորհավորեց Հեշտիայի թիվ 2 դպրոցի ուսուցիչներին և աշակերտներին՝ հանձինս տնօրեն Լալազար Արոյանի։

Նա նաև նշեց, որ միջոցառումը կազմակերպված էր բարձր մակարդակով, շատ ոգեշնչող էր համագործակցության ոգին, ուսուցիչների նվիրվածությունն ու թիմային աշխատանքի արդյունավետությունը։ Նանե Հովսեփյանը դպրոցի ողջ աշխատակազմին մաղթեց ուժ և եռանդ ընդգծելով, որ նրանց վրա մեծ պատասխանատվություն է դրված ապագա սերունդների կրթության, դաստիարակության, նրանց երազանքների իրականացման և գիտելիքի բանալու փոխանցման գործում։

Նանե Հովսեփյանի հետ զրույցը ավելի մանրամասն՝ աուդիոնյութում․

Radio NOR · Նանե Հովսեփյան

«Ես գոհ եմ միջոցառումից, գոհ եմ ելույթ ունեցողներից, ինչպես նաև հյուրերից, ովքեր եկան հարգեցին և մեծարեցին դպրոցին, հույս ունեմ որ նմանատիպ միջոցառումները կլինեն վարակիչ օրինակ դպրոցների համար»,- ասաց Լալազար Արոյանը NOR-ի հետ զրույցում։

Լալազար Արոյանի խոսքը աուդիոնյութում․

Radio NOR · Լալազար Արոյան

«Այսօր մեր դպրոցում տոնական օր է, կարող եմ ասել ամբողջ գյուղում, որովհետև տոնում ենք Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցի 60 ամյակը։ Ուսուցչական անձնակազմին և աշակերտներին մաղթում եմ առողջություն, ուսուցիչներին կամենում եմ, որ ինչքան ջանք ու եռանդ ունեն մատուցեն երեխաներին, մատաղ սերնդին դաստիարակելու և իրենց գիտելիքները հաղորդելու համար»,- ասաց թիվ 2 դպրոցի ուսուցչուհի Բեթխեհեմ Կարապետյանը։

Բեթխեհեմ Կարապետյանի խոսքը աուդիոնյութում․

Radio NOR · Բետխեհեմ Կարապետյան

«1965 թվականին ես առաջին անգամ ոտք դրեցի մեր դպրոց որտեղ տնօրենն էր Ներսես Սիմոնյանը, իսկ առաջին ուսուցչուհին էր Մարիամ Գրաբսկին։ Նրանց շնորհիվ ես հասա ոչ այնքան մեծ սակայն իմ նպատակին։ Բոլորին հաճախ սիրով հիշում եմ, իմ ուսուցիչներին ովքեր մեծ հետք են թողել իմ ուսումնական տարիների վրա»,- ասաց Սոնյա Սանամյանը։

Սոնյա Սանամյանի հետ զրույցը աուդիոնյութում․

Radio NOR · Սոնյա Սանամյան

Ֆոտոշարք․