«Թռչող պալատ»՝ ամենաթանկարժեք նվերն, որը երբևէ արվել է ԱՄՆ-ին

«Թռչող պալատ»՝ ամենաթանկարժեք նվերն, որը երբևէ արվել է ԱՄՆ-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Կատարի թագավորական ընտանիքից ստանալ ռեակտիվ Boeing 747-8 ինքնաթիռը, որն անվանում են «Թռչող պալատ»: Թրամփը կկարողանա օգտագործել այս նվերը, քանի դեռ պաշտոնավարում է ։ Այս մասին ABC News-ին հայտնել են գործարքին ծանոթ աղբյուրները։

Թրամփի՝ պաշտոնը լքելուց հետո ինքնաթիռի սեփականությունը կփոխանցվի նախագահական գրադարանին։

Սպիտակ տունը և արդարադատության նախարարությունը եզրակացրել են, որ քանի որ նվերը չի ուղեկցվել որևէ պաշտոնական ակտով, այն չի հանդիսանում կաշառք:

Գլխավոր դատախազ Փամ Բոնդիի իրավական վերլուծության մեջ ասվում է, որ դա չի խախտում օտարերկրյա նվերների վերաբերյալ Սահմանադրության արգելքը, քանի որ ինքնաթիռը տրվում է ոչ թե մասնավոր անձի, այլ երկրի ռազմաօդային ուժերին, իսկ հետո՝ նախագահական գրադարանին:

Պարբերականի տվյալներով՝ ինքնաթիռը, որը կստանա Թրամփը, կարժենա մոտ 400 միլիոն դոլար՝ չհաշված անվտանգության կապի լրացուցիչ սարքավորումները։

Սպասվում է, որ նվերի մասին կհայտարարվի Թրամփի՝ մայիսի 13-ին Մերձավոր Արևելք կատարելիք ուղևորության ժամանակ: