Քամուց տանիքից պոկված թիթեղը հարվածել է հղի կնոջը՝ վնասելով որովայնը․ երեխան ծնվել է վնասվածքով

Քամուց տանիքից պոկված թիթեղը հարվածել է հղի կնոջը՝ վնասելով որովայնը․ երեխան ծնվել է վնասվածքով

«Երեխայի կյանքին այս պահին որևէ վտանգ չի սպառնում»,- Panorama.am-ին փոխանցեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին, երեկոյան ժամը 17:10-ին «Էրեբունի» ծննդատուն է տեղափոխվել 23-ամյա 36 շաբաթական հղի` որովայնի թափանցող վնասվածք-պատռվածքով, սուր ցավերով, արյունահոսությամբ: Պարզվել է, որ կիրակի երեկոյան, ուժգին քամու ժամանակ, տանիքից պոկվել է թիթեղի մի կտոր և հարվածել այդ պահին բակում գտնվող հղի կնոջը` վնասելով որովայնը: Հարազատները կնոջն անմիջապես ծննդատուն են տեղափոխել: Հղիին հետազոտելուց հետո, բժշկական կենտրոն մտնելուց ընդամենը 7 րոպե անց սկսվել է վիրահատությունը: Կատարվել է կեսարյան հատում, վերականգնվել է պատռված արգանդը: Ծնվել է 2450 գրամ քաշով 48 սմ հասակով աղջիկ` ճակատի ձախ շրջանում 5սմ երկարությամբ խորը վնասվածքով: Վերքը կարելու նպատակով նորածինն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

«Արվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, ոսկրի վնասում և ներգանգային խնդիրներ չեն հայտնաբերվել, գլխի վնասվածքի հետ կապված այս պահին որևէ բարդություն չկա, կատարվել է վերքի կարում, փակում վիրաբուժական մշակում։Այս պահին բժիշկների վերահսկողության տակ է»,- ասացին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։