Մահացել է «աշխարհի ամենաաղքատ» նախագահը

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ» նախագահը

89 տարեկանում մահացել է Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան։ Այս մասին հայտնել է երկրի նախագահ Յամանդու Օրսին։ «Խորը վշտով հայտնում ենք Պեպե Մուխիկայի մահվան մասին։ Նախագահ, ակտիվիստ, ղեկավար և առաջնորդ։ Մենք շատ կկարոտենք քեզ, սիրելի՛ ծերունի։

Շնորհակալություն ենք հայտնում մեզ տված ամեն ինչի և ժողովրդի հանդեպ քո խորը սիրո համար»,- գրել է Օրսին X-ի իր միկրոբլոգում։ Երիտասարդ տարիներին Մուխիկան եղել է ձախակողմյան «Տուպամարոս» պարտիզանական շարժման անդամ և 14 տարի անցկացրել է ռազմական բանտերում։

1999 թվականին նա դարձել է սենատոր, իսկ 2010 թվականին՝ ընտրվել Ուրուգվայի նախագահ։ Նա պաշտոնը զբաղեցրել է մինչև 2015 թվականը, այնուհետև վերընտրվել է Սենատում, սակայն վաղաժամկետ հրաժարական է տվել 2018 թվականի օգոստոսին։ Լրատվամիջոցները գրում են, որ Մոնտեվիդեոյի ծայրամասում ծնված Մուխիկան, սենատոր, ապա նախագահ դառնալուց հետո շարունակել է ապրել Ուրուգվայի մայրաքաղաքից կես ժամվա հեռավորության վրա գտնվող ֆերմայում։

Այստեղ նա իր խնայողական ապրելակերպը հասցրել է ծայրահեղության։ Մուխիկան վարում էր 1987 թվականի Volkswagen Beetle մակնիշի մեքենա, ապրում փոքրիկ տանը և վարում շատ համեստ կենսակերպ, ինչի պատճառով էլ նրան անվանում էին «աշխարհի ամենաաղքատ նախագահը»։ Վերջին տարիներին Մուխիկան պայքարում էր հիվանդության դեմ․ նրա մոտ քաղցկեղ էր ախտորոշվել։