
Չինաստան Շանտոուի համալսարանին (SUMC) առընթեր Բժշկական քոլեջի Առաջին դուստր հիվանդանոցի գիտնականները պարզել են, որ RANBP2 սպիտակուցը կարևոր դեր է խաղում մի քանի տեսակի խոր քաղցկեղի ուռուցքների զարգացման գործում։ Նրանց աշխատանքի արդյունքները հրապարակվել են Genes & Diseases բժշկագիտական հանդեսում։
RANBP2-ը պատկանում է այսպես կոչված SUMO E3 լիգազների դասին, որոնք այլ սպիտակուցների ակտիվությունը կարգավորող և կառուցվածքը փոխող սպիտակուցներ են։ Այդպիսի գործընթացներից մեկը՝ SUMO-իլացումը, կենսական նշանակություն ունի բջջային ցիկլի պատշաճ զարգացման համար և ուռուցքային հիվանդության դեպքում կարող է խաթարվել:
Հետազոտությունը ցույց է տվել, որ RANBP2-ը մասնակցում է բջիջների և իմունային պատասխանի կարգավորմանը, ինչպես նաև ազդում է բջջային բաղադրիչների միջև նյութերի տեղափոխման վրա։ Դրա գործունեությունը կապված է լյարդի, լեղուղիների, ստամոքսի, կաթնագեղձի, արգանդի վզիկի և շագանակագեղձի քաղցկեղի զարգացման հետ։
Գիտնականները պարզել են, որ լյարդի քաղցկեղի դեպքում RANBP2-ը HER2 և LASP1 սպիտակուցների վրա իր ազդեցության միջոցով խթանում է ուռուցքի աճը, ինչպես նաև մասնակցում է ուռուցքի իմունային պաշտպանության կարգավորմանը։ Կաթնագեղձի քաղցկեղի դեպքում, ընդհակառակը, այն ակտիվացնում է p53 սպիտակուցը, որը կարող է ճնշել ուռուցքների աճը։ Ստամոքսի, շագանակագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղի դեպքում RANBP2-ը փոխազդում է մի շարք բջջային սպիտակուցների հետ՝ ուժեղացնելով ուռուցքային բջիջների բաժանմանն ու գոյատևմանն առնչվող գործընթացները։
Հետազոտողների համոզմամբ՝ այդ սպիտակուցը կարող է կարգավորել այլ չարորակ ուռուցքների, ներառյալ՝ գլիոբլաստոմայի, թոքերի, հաստ աղիքի և բերանի խոռոչի քաղցկեղի զարգացումը։ Դրա ակտիվությունը բջջային բաժանման ընթացքում անդրադառնում է բջջային ամենակարևոր գործընթացների վրա՝ ԴՆԹ-ի վերականգնումից մինչև քրոմոսոմների կայունությունը։
Հեղինակների կարծիքով՝ RANBP2-ը կարող է քաղցկեղի թերապիայի խոստումնալից թիրախ դառնալ։ Սակայն արդյունավետ դեղամիջոցներ մշակելու դրա գործողության մեխանիզմների վերաբերյալ համար հետագա հետազոտություններ են պահանջվում։