
Գարիկ Գասպարյանը 21 տարեկան է։ Նա ապրում է Մառնեուլիում։ Ավարտել է Մառնեուլիի մունիցիպալիտետի Կարմիր գյուղի հայկական հանրային դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է համալսարան։ Ներկայումս ուսանում է Թբիլիսիի պետական համալսարանի սոցիալական և քաղաքական գիտությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնում՝ պետական 100% դրամաշնորհով։ Աշխատել է տարբեր ոչ կառավարական կազմակերպություններում, ինչպես նաև անցել է բազմաթիվ փորձաշրջաններ պետական ոլորտում։
Գարիկը NOR-ին հայտնում է, որ դեռ դպրոցական տարիներից էր հետաքրքրված ոչ կառավարական ոլորտով՝ նշելով. «Իմ առաջին քայլերը կատարել եմ գյուղում գործող «Զարգացման տուն» կենտրոնում։ Այժմ համագործակցության փորձ ունեմ Վրաստանի բազմաթիվ կազմակերպությունների հետ»։
Գարիկը 12-13 տարեկան է եղել երբ սկսել է մասնակցել տարբեր հանդիպումներին ու դասընթացներին։
2018 թվականին գյուղի Զարգացման տան համակարգողի և իր հասակակիցների հետ միասին գյուղի երիտասարդական կենտրոնում կամավորաբար դասեր ու հանդիպումներ են կազմակերպել հինգ տարեկան երեխաների համար, քանի որ գյուղում մանկապարտեզ չկար։
Երիտասարդական կենտրոնի համակարգողը մեծ աջակցություն է ցուցաբերում երիտասարդներին ոչ ֆորմալ կրթության ոլորտում, և նրա աջակցությունը շատ կարևոր է եղել Գարիկ Գասպարյանի համար։
Հետագայում Գարիկը տարբեր երիտասարդական կենտրոններից և ՀԿ-ներից (հասարակական կազմակերպություններից) առաջարկներ է ստացել և ակտիվորեն սկսել ներգրավվել այս ոլորտում։ Այսօր արդեն շատ հաջողություններ ունի և տարբեր ՀԿ-ներում աշխատանքի փորձ, ինչն օգնում է նաև մասնագիտության ոլորտում։
Երիտասարդը մասնակցել է բազմաթիվ ծրագրերի և ճամբարների, ինչպես նաև հեղինակել և իրականացրել է մի շարք նախագծեր։ Ներկայումս ներգրավված է երկու ծրագրի իրականացման գործընթացում։
Առաջին ծրագրի հեղինակը և կազմակերպիչը Գարիկն է։ Այն կոչվում է «Գրականության արվեստը» և նախատեսված է Շահումյանի դպրոցի երեխաների համար։ Ծրագիրը նպատակ ունի զարգացնել հետաքրքրությունը գրականության հանդեպ, խթանել ընթերցանության ցանկությունը և ծանոթացնել գրողների կյանքին։ Այս նպատակով իրականացվել են գրական երեկոներ, ուսումնական այցելություններ և խաղեր։
Երկրորդ ծրագիրը Գարիկը իրականացնում է ընկերների հետ՝ որպես համահեղինակ։ Այն կրում է «ეკო-ახკერპი» անվանումը և ուղղված է Աղքյորփի գյուղի երեխաների էկոլոգիական գիտակցության բարձրացմանը՝ նրանց մոտ ձևավորելով բնության նկատմամբ հոգատարություն և պատասխանատվություն։ Ծրագրի շրջանակում իրականացվում են մաքրման և կանաչապատման արշավներ, ուսումնական այցեր, էկո-դասընթացներ և առաջնորդության վերապատրաստումներ։
Որպես ծրագրերի հեղինակ և կազմակերպիչ՝ տարբեր խմբերի հետ աշխատելու ընթացքում Գարիկը ձեռք է բերել արժեքավոր փորձառություններ, որոնք ձևավորել են իր կազմակերպչական մտածողությունն ու մոտեցումները։ «Յուրաքանչյուր խումբ իր առանձնահատկություններն ունի՝ տարիքային, մշակութային կամ փորձի տեսանկյունից, և հենց այդ բազմազանությունն էլ դարձել է իմ ամենամեծ դասերից մեկը»,-ասում է Գարիկ Գասպարյանը։
Մասնակցելով տարբեր ծրագրերի, ճամբարների և թրենինգների՝ Գարիկը ձեռք է բերել նոր գիտելիքներ, հմտություններ ու միջազգային փորձ։ Սովորել է թիմային աշխատանք, հաղորդակցություն, ժամանակի կառավարում և առաջնորդություն։ Ճամբարներում ծանոթացել է երիտասարդների հետ տարբեր երկրներից, փոխանակվել փորձով ու մշակութային արժեքներով։ Սերտիֆիկատները, որ ստացել է ակտիվ երիտասարդը, օգտակար են եղել կրթական և աշխատանքային հայտերի ժամանակ․ «Այս փորձառությունները մեծացրել են իմ ինքնավստահությունը, օգնել կողմնորոշվել մասնագիտական ոլորտում և խթանել իմ նախաձեռնողականությունը»։
Գարիկը բազմիցս մասնակցել է Վրաստանի ներսում կազմակերպված ճամբարներին՝ որպես առաջնորդ։ Նա եղել է նաև DEP կազմակերպության բազմազանության ճամբարի լիդեր։ Բացի տեղական ծրագրերից, ունի միջազգային փորձ ևս։ Մասնակցել է Erasmus+ ծրագրերին՝ Իտալիայում, Հայաստանում, Լատվիայում, Լիտվայում, Գերմանիայում և Չեխիայում։
Գարիկը խորհուրդ ունի այն երիտասարդներին, ովքեր դեռ չեն կողմնորոշվել իրենց մասնագիտության ընտրության հարցում.
«Ընտրեք այն ոլորտը, որն իրապես հետաքրքրում է ձեզ, ոչ թե այն, ինչը համարվում է հեղինակավոր կամ ընտրվել է ծնողների ու հարազատների կարծիքով։ Հնարավոր է, սկզբում հետաքրքրված լինեք, բայց հետո ամբողջովին կորցնեք հետաքրքրությունը»։
Նա նաև առանձնահատուկ ուղերձ ունի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին.
«Դպրոցական տարիները մեծ հնարավորություն են վրացերեն լավ սովորելու համար։ Այս լեզվային պատրաստվածությունը հետագայում կբացի շատ դռներ համալսարանում։ Հակառակ դեպքում, համալսարանական տարիները կանցնեն միայն լեզվի ուսուցման վրա կենտրոնանալով»։
Գարիկը մեզ հետ կիսվեց մի օրինակով, որը մինչ օրս հիշում է։ Կապված է մի ծրագրի հետ, որտեղ մի խումբ մասնակիցներ շատ պասիվ են եղել, չեն միացել ակտիվ քննարկումներին։ Սկզբում Գարիկը մտածում էր՝ գուցե հետաքրքրված չեն կամ չեն ուզում ներգրավվել, բայց երբ սկսել է ավելի անհատական մոտեցում ցուցաբերել՝ ուղղակի խոսել նրանց հետ, լսել կարծիքները, պարզվել է, որ նրանք պարզապես իրենց ապահով չեն զգացել մեծ խմբում խոսելիս։
«Այդ փորձը ինձ համար շատ կարևոր դաս էր․ հասկացա, որ ոչ բոլորին կարելի է մոտենալ նույն ձևով։ Այս գիտակցումը հետագայում օգտագործել եմ բոլոր ծրագրերում՝ փորձելով ստեղծել ներառական ու վստահելի միջավայր, որտեղ յուրաքանչյուրը կզգա իրեն լսված»,-նշեց Գարիկը և հավելեց, որ սովորել է, որ արդյունավետ ծրագիր կազմակերպելու բանալին ոչ միայն բովանդակությունն է, այլ նաև թիմային աշխատանքը։ Երբ թիմում կա առողջ փոխհարգանք և բաց հաղորդակցություն, ծրագիրը ստացվում է ավելի հաջող և կայուն։
Այս փորձերը երիտասարդին սովորեցրին լինել ավելի ճկուն, հասկանալ տարբեր մարդկանց մոտիվացիաները և հարմարվել տարբեր իրավիճակների՝ առանց կորցնելու ծրագրի հիմնական նպատակը։
Մեր այն հարցին, թե ինչպես են գլոբալ մարտահրավերները՝ կլիմայական փոփոխությունները և հումանիտար ճգնաժամերը, ազդում միջազգային քաղաքականության վրա, Գարիկը նշում է.
«Իմ կարծիքով, այս մարտահրավերներն էական ազդեցություն ունեն միջազգային քաղաքականության վրա։ Դրանք ստիպում են պետություններին համագործակցել՝ ընդհանուր լուծումներ գտնելու համար։ Օրինակ՝ կլիմայական փոփոխությունները ոչ միայն բնապահպանական, այլ նաև քաղաքական խնդիր են։ Մի երկրի գործողությունները կարող են ազդել ամբողջ աշխարհի վրա»։
Նա հավելում է, որ հումանիտար ճգնաժամերը, մասնավորապես պատերազմներն ու փախստականների հոսքը, նույնպես մեծ դեր ունեն․
«Դրանք ստիպում են միջազգային կազմակերպություններին միջամտել՝ օգնություն տրամադրելու կամ իրավիճակը կարգավորելու նպատակով։ Երբեմն դա բերում է հակասությունների, բայց միաժամանակ կարող է համագործակցության սկիզբ դառնալ։ Աշխարհը այսօր դարձել է փոխկապակցված համակարգ, որտեղ պետությունները չեն կարող անտարբեր մնալ միմյանց խնդիրների նկատմամբ», – եզրափակում է Գարիկ Գասպարյանը։