Թանգարանների միջազգային օրը նշվեց Նինոծմինդայի Երկրագիտական թանգարանում

Թանգարանների միջազգային օրը նշվեց Նինոծմինդայի Երկրագիտական թանգարանում

Այսօր՝ մայիսի 16-ին, Նինոծմինդայի Երկրագիտական թանգարանում նշվեց Թանգարանների միջազգային օրը, որն ամեն տարի նշվում է մայիսի 18-ին, բայց քանի որ մայիսի 18-ը կիրակի էր, որոշվել էր այն նշել մայիսի 16-ին։

Միջոցառմանը մասնակցում էին թիվ 1 հանրային դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները, իսկ կազմակերպիչը պատմության ուսուցչուհի Լուսինե Թանգամյանն էր։ Միջոցառմանը աշակերտները ներկայացրեցին տարբեր երկրների թանգարանների մասին, ներկայացրեցին պարային համար, ինչպես նաև ուսուցչուհին հնչեցրեց հետաքրքիր հարցեր, որոնց պատասխանը տրվում էր աշակերտների և հանդիսատեսի կողմից։

«Այսօր տոնական տրամադրություն էր թևածում Նինոծմինդայի Երկրագիտական թանգարանում, և հենց այս հիշարժան առիթով մենք մեզ մոտ էինք հրավիրել Նինոծմինդայի թիվ 1 հանրային դպրոցի 9-րդ դասարանցիներին, նրանք կազմակերպել էին շատ գեղեցիկ, բովանդակալից և հետաքրքիր միջոցառում։ Միջոցառման համար ես հոգաչափ շնորհակալ եմ պատմության ուսուցչուհուն՝ Լուսինե Թանգամյանին, իսկ միջոցառման կայացման համար հենց նույն դպրոցի տնօրեն տիկին Դիանա Թումասյանին։

Տարեցտարի զգացվում է մեր թանգարանում այցելուների աճ, և հատկապես այցելուների քանակը հենց ապահովում են մեր դպրոցները, շնորհակալություն դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին, որ միշտ այսպիսի կապ են ապահովում և արժևորում պատմական արժեքները»,- ասաց Նինոծմինդայի Երկրագիտական թանգարանի տնօրեն Արևիկ Տոներյանը, հավելելով, որ կան նաև Ռուսաստանից զբոսաշրջիկներ, ովքեր ծնունդով այստեղից են և ովքեր կարոտի կանչով վերադառնում և անպայման այցելում թանգարան։

NOR ռադիոկայանի լրագրողների հետ իր տպավորություններով կիսվեց միջոցառման մասնակից Անահիտ Մզիկյանը, ով ասաց․

«Թանգարանը մեզ համար մեծ նշանակություն ունի, այն ոչ միայն հաստատություն է , այլ նաև մեր սրտերում է։ Մեր այսօրվա միջոցառումը նվիրված էր Թանգարանների միջազգային օրվան, մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է, շնորհակալություն ենք ուզում հայտնել մեր պատմության ուսուցչուհուն՝ Լուսինե Թանգամյանին»։

Միջոցառման ավարտին նաև ելույթ ունեցավ Լևոն Վարդանյանը՝ իր գոհունակությունը հայտնելով մասնակիցներին և կարևորելով թանգարանների գործունությունը ներկա ժամանակներում։ Լևոն Վարդանյանը նաև հուշանվերներ հանձնեց աշակերտներին Նինոծմինդայի քաղաքապետարանի մշակույթի ծառայության կողմից։

Մանրամասները տեսանյութում․