
Եվրոպայում բոլորը հասկանում են, որ անհրաժեշտ է խոսել Վրաստանի կառավարության հետ։ Այս մասին վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց լրագրողներին Ալբանիայում, որտեղ նա մասնակցում է Եվրոպական քաղաքական միության 6-րդ գագաթնաժողովին։
«Հաղորդակցության մեջ որոշակի սահմանափակում կար։ Ըստ երևույթին, մեր եվրոպացի գործընկերները ցանկանում էին հարաբերություններ հաստատել Վրաստանի հետ։ Բոլորը պետք է հասկանան, որ Վրաստանը շատ կարևոր դեր է խաղում Եվրոպայի, մասնավորապես՝ Եվրամիության համար։ Մեր դերը տարածաշրջանում շատ կարևոր է։ Վերջին հաշվով, բոլորը հասկանում են, որ անհրաժեշտ է խոսել Վրաստանի, վրացական կառավարության ղեկավարների հետ, և, թերևս, դա արտացոլվում է այն փաստում, որ նախաձեռնությունները հաճախ գալիս էին եվրոպացի առաջնորդներից»։
Կոբախիձեի խոսքով՝ ինքը ելույթ է ունեցել կլոր սեղանի ձևաչափով և անդրադարձել տարբեր թեմաների, այդ թվում՝ Ուկրաինայի պատերազմին և Վրաստանի տեսանկյունից եվրոպական զարգացման հեռանկարներին։ Մասնավորապես, նա ընդգծեց, որ «Վրաստանի նկատմամբ կա որոշակի էական անարդարություն, որը պետք է փոխվի»։
«Գագաթնաժողովը շատ կարևոր է, քանի որ այն մեզ հնարավորություն է տալիս փոխանակվել կարծիքներով, խոսել միմյանց հետ։ Մենք լսեցինք եվրոպացի առաջնորդների տեսակետները տարբեր հարցերի վերաբերյալ, և ես նաև հնարավորություն ունեցա խոսելու մոտ երեսուն առաջնորդների հետ։ Իհարկե, մենք միշտ անդրադառնում ենք այն թեմաներին, որոնք կարևոր են մեր երկրի, մեր երկրի հետագա զարգացման, Վրաստանի և մեր եվրոպացի գործընկերների համագործակցության համար»։
Կոբախիձեն նաև հավելել է, որ «բնականաբար», ինքը զրույցներ է ունեցել նախագահ Էմանուել Մակրոնի, ինչպես նաև այլ առաջնորդների հետ՝ Վրաստանի զարգացմանը, եվրոպական հեռանկարներին, Թբիլիսիի դերին տարածաշրջանում և այլն վերաբերող թեմաների շուրջ։
«Հաշվի առնելով, որ սրանք ուղղակի զրույցներ են, մենք չենք կարող դրանք հրապարակել, բայց, իհարկե, ընդհանուր առմամբ կարող եմ ձեզ ասել, որ քննարկումը վերաբերում էր Վրաստանի շահերի վերաբերյալ մեր ուղերձները կիսելուն։ Սա վերաբերում է ինչպես նախագահ Մակրոնին, այնպես էլ Ռոբերտա Մեցոլային և այլ քաղաքական առաջնորդներին», – ասաց Կոբախիձեն։