«Դժվարությունները հենց այն հիմնասյուներն են, որոնք այսօր իմ ուժեղ կողմերն են դարձել». Սյուզաննա Շաքարջյան

«Դժվարությունները հենց այն հիմնասյուներն են, որոնք այսօր իմ ուժեղ կողմերն են դարձել». Սյուզաննա Շաքարջյան

Նա հավատում է, որ դժվարությունները մեծանում են ուժեղ կողմերով, իսկ ամեն քայլը, նույնիսկ փոքրիկը, մոտեցնում է նպատակի իրականացմանը։ Նրա մտածելակերպը ուղղված է կրթության և երիտասարդների զարգացմանը, որտեղ կարևոր են ճկունությունը, տոկունությունը և պատասխանատվությունը։

Սյուզաննա Շաքարջյանը ծնվել է Թբիլիսիում՝ արժեքներով և փոխադարձ հարգանքով առաջնորդվող ընտանիքում։ Այս սկզբունքներն ուղեկցել են նրան դեռ մանկությունից և մեծապես ձևավորել նրա կյանքի ուղին։ Այժմ Սյուզաննան բնակվում է Ախալցիխեում։

Սյուզաննան ուսանել և ավարտել է Ախալցիխեի թիվ 2 հանրային դպրոցը, որից հետո ընդունվել է Սամցխե-Ջավախքի պետական համալսարան։ Նա ստացել է բակալավրի աստիճան բիզնեսի կառավարման ոլորտում՝ տնտեսագիտության մասնագիտացմամբ, միաժամանակ խորացնելով իր գիտելիքները տեղեկատվական տեխնոլոգիաներում։ Մագիստրատուրան շարունակել է նույն համալսարանում՝ մասնագիտանալով աուդիտի ոլորտում, և ավարտել գերազանց առաջադիմությամբ։

Սյուզաննան հանձնել է սերտիֆիկացված ուսուցչուհու քննությունը։ Նաև սովորում է հաշվապահ։ Այժմ Սյուզաննան անցնում է պրակտիկա դպրոցում, քաղաքացիական կրթության և օտար լեզուների ուղղությունով։ Սյուզաննա Շաքարջյանը բիզնեսի կառավարման մասնագետ է՝ տնտեսագիտության, աուդիտի և հաշվապահական հաշվառման խորացված ուղղություններով։

Մասնագիտության ընտրությունը պատահական չի եղել։ Մանկուց հետաքրքրված լինելով կազմակերպությունների գործունեությամբ, հաշվարկներով և կառուցվածքային մտածողությամբ՝ նա ընտրել է մի ոլորտ, որն իր մեջ ներառում է վերլուծություն, ռազմավարական մտածողություն և լայն կիրառություն ունի ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածում։
Դասավանդման ուղին ընտրել է սիրով։ Երիտասարդների և երեխաների հետ աշխատելը Սյուզաննայի համար ոչ միայն մասնագիտական, այլ նաև արժեքային ընտրություն է։ Երիտասարդը մեծ ցանկություն ունի կիսվելու իր գիտելիքներով ու փորձով, որպեսզի օգնի նոր սերնդին կայանալու ճանապարհին։

Սյուզաննան պատմում է, որ տարիների ընթացքում մասնակցել է բազմաթիվ ծրագրերի և թրեյնինգների, որոնք զգալիորեն նպաստել են իր մասնագիտական և անձնական աճին։

Սյուզաննա Շաքարջյանի մասնագիտական և անձնական աճին զգալիորեն նպաստել են մի շարք կարևոր ծրագրեր ու թրեյնինգներ: Այդ ծրագրերը նրան տվել են կարևոր հմտություններ՝ թիմային աշխատանք, հանրային խոսք, առաջնորդություն, ինչպես նաև ծրագրերի կազմակերպում և կառավարման կարողություններ։

Սյուզաննայի կյանքում դժվարություններ են եղել, հատկապես կրթությունը համատեղել աշխատելու և կամավորության հետ․

«Երբեմն ստիպված եմ եղել հրաժարվել անձնական ժամանակից կամ զվարճանքներից՝ մասնագիտական ու կրթական նպատակների համար։ Հիասթափություններ էլ են եղել, երբ սպասած արդյունքները չեն իրականացել, բայց այդ պահերին սովորել եմ ճկունություն և տոկունություն դրսևորել։ Դժվարությունները հենց այն հիմնասյուներն են, որոնք այսօր իմ ուժեղ կողմերն են դարձել»,-ասում է Սյուզաննան։

Դժվար պահերին նրան ամենաշատը մոտիվացնում է իր նպատակը՝ ստեղծել հնարավորություններ երիտասարդների համար և ներդրում ունենալ կրթության ու հասարակության զարգացման մեջ։

Ինչպես նաև ուսանողները, որոնց աչքերում տեսնում է հավատը Սյուզաննայի հանդեպ։ Այդ պատասխանատվության զգացումը շատ մեծ մոտիվացիա է։ «Երբ տեսնում եմ, որ իմ աշխատանքը արժեք ունի, նույնիսկ եթե փոքր քայլերով, բայց առաջ եմ գնում՝ դա ինձ ուժ է տալիս շարունակելու»։

Սյուզաննայի գլխավոր նպատակն է՝ ծառայել հանրությանը՝ կրթության, ժողովրդավարության զարգացման և երիտասարդների զորացման միջոցով։ Ցանկանում է ստեղծել հարթակներ, որտեղ երիտասարդները կկարողանան ինքնադրսևորվել, սովորել ու առաջնորդվել։ Բացի այդ, նպատակ ունի զարգանալ որպես փորձագետ բիզնեսի կառավարման և ֆինանսների ոլորտներում։

Ապագայում ցանկանում է համատեղել կրթության և հասարակական աշխատանքի փորձառությունը՝ աշխատելով քաղաքականության, քաղաքացիական կրթության կամ հանրային կառավարման ոլորտներում։ Հնարավոր է շարունակի կրթությունը դոկտորանտուրայում։ Միաժամանակ ցանկանում է հիմնել կրթական կամ երիտասարդական կենտրոն, որը կնպաստի ռեգիոնալ երիտասարդների զարգացմանը։

Շաքարջյանի կողքին մշտապես եղել է ընտանիքը՝ ծնողները, հարազատները, ովքեր աջակցել են ուսման ու մասնագիտական զարգացման ընթացքում։ Շատ կարևոր դեր են խաղացել նաև տարբեր ծրագրերի շրջանակում հանդիպած մենթորները, որոնց աջակցությունն ու ոգեշնչումը նպաստել են նրա կայացմանը։

Սյուզաննա Շաքարջյանի խորհուրդը երիտասարդներին հստակ է՝ մնալ հավատարմ սեփական նպատակներին, աշխատել համառությամբ, չվախենալ դժվարություններից և ձախողումներից։ Նրա խոսքով՝ հենց ձախողումներն են ինքնաճանաչման և զարգացման լավագույն փուլերը։ Նա հորդորում է լինել ակտիվ, մասնակցել կամավորական նախաձեռնությունների, որոնք ոչ միայն հարստացնում են փորձով, այլ նաև ձևավորում են առաջնորդական հմտություններ։

Սյուզաննան հպարտանում է իր մասնակցությամբ PITA-ի (Հանդուրժողականության, քաղաքացիական իրազեկության և ինտեգրման աջակցության ծրագիր) նախագծում: Այդ ծրագիրը թույլ է տվել աշխատել բազմազան խմբերի հետ, խորացնել փոխհասկացողության մշակույթը և նպաստել համայնքային համագործակցությանը։ «Այն ձևավորել է իմ մտածելակերպը և տվել է հմտություններ, որոնք մինչ օրս օգտագործում եմ»։

«Եթե հնարավորություն ունենամ բարեփոխելու կրթական համակարգը, ուշադրություն կդարձնեմ հավասար հնարավորությունների ստեղծման վրա՝ հատկապես ռեգիոնալ դպրոցների համար։ Կուժեղացնեմ ոչ միայն առարկայական ուսուցումը, այլ նաև քաղաքացիական կրթությունը, կրիտիկական մտածողությունը և գործնական հմտությունների զարգացումը՝ պատրաստելու կյանքի տարբեր ոլորտների համար»,-նշում է Սյուզաննան։

«1+4» ծրագրի դադարեցումը՝ հնարավորությունների սահմանափակում. Սյուզաննա Շաքարջյանի դիտարկումները կրթական հավասարության շուրջ

«Իմ ընկերներից և ծանոթներից շատերը մասնակցել այդ ծրագրին։ «1+4» ծրագիրը լավ հնարավորություն է էթնիկ փոքրամասնությունների համար՝ իրենց մայրենիով մեկ քննություն հանձնելով սովորել համալսարանում, հետո մեկ տարի պետական լեզվի խորացված ուսուցմամբ և այնուհետև շարունակելով բակալավրիատը»։

Այս ծրագիրը օգնեց ինտեգրմանը և բարձրագույն կրթության հասանելիությանը: Նրա փակումը, Սյուզաննայի կարծիքով, կարող է բացասաբար ազդել այն երիտասարդների վրա, ովքեր դեռ պետական լեզվին լիարժեք չեն տիրապետում, բայց ունակ ու մոտիվացված են սովորելու։