«1+4» ծրագրի հնարավոր չեղարկումը և դրա ազդեցությունը ազգային փոքրամասնությունների վրա

«1+4» ծրագրի հնարավոր չեղարկումը և դրա ազդեցությունը ազգային փոքրամասնությունների վրա

 Ներկա և ապագա ուսանողները, կրթության ոլորտի փորձագետները «1+4» ծրագրի հնարավոր չեղարկումը համարում են մեծագույն հարված ազգային փոքրամասնություններին:

Երիտասարդների խոսքով՝ այսօր գործող կրթական ծրագրի օրոք «1+4»-ի չեղարկումը հավասարազոր կլինի էթնիկապես ոչ վրացի երիտասարդների՝ սեփական հայրենիքում բարձրագույն կրթություն ստանալու իրավունքի խախտման։ Ուսանողներից ոմանք նշում են, որ հանրակրթական դպրոցներում վրաց լեզվի դասավանդման որակն այնպիսի մակարդակի է, որ դպրոցն ավարտելուց հետո երիտասարդները նույնիսկ խոսակցական մակարդակով չգիտեն վրացերենը՝ պետական ​​լեզուն: Այս մասին գրում է մեր գործընկեր Ալիք Մեդիան

Ինչի մասին է խոսքը

«Վրացական երազանք»-ի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեն հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է, որ «մոտ ապագայում ազգային փոքրամասնությունների համար վրացերենով նախատեսված 1+4 կրթական ծրագիրն այլևս անհրաժեշտ չի լինի»։ Նրա խոսքով՝ անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ էթնիկապես ոչ վրացական բնակչության երիտասարդության 93 տոկոսը «լավ մակարդակով տիրապետում է վրացերենին»։

Փորձագետները կարծում են, որ այս ծրագիրը նպատակահարմար կլինի վերացնել միայն այն դեպքում, երբ դպրոցներում և առհասարակ էթնիկ փոքրամասնությունների կրթական համակարգում կատարվեն կարևորագույն փոփոխություններ, որոնց շնորհիվ լեզվին տիրապետելու հնարավորությունները և ծրագրերը ավելի շատ կլինեն, իսկ առանց վերոնշյալ քայլերի՝ «1+4»-ի վերացումը վտանգում է ազգային փոքրամասնությունների բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը:

Կախա Գաբունիան, որ 2010-2020 թվականներին ղեկավարել է Թբիլիսիի պետական ​​համալսարանում վրացերենի «1+4» նախապատրաստական ​​ծրագիրը, «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում համամիտ է այն կարծիքին, որ ծրագրի գործունեության դադարեցմանը անպայման պետք է նախորդեն կրթական համակարգի բարեփոխումներ. եթե լինեն կրթական բարեփոխումներ, գուցե ծրագրի դադարեցումը տարիներ անց նպատակահարմար լինի, հակառակ դեպքում՝ այդ որոշումը «հավասարազոր կլինի հանցագործության»:

«Ես կողջունեի ծրագրի չեղարկմանը, բայց ոչ այսօրվա դրությամբ եղած կրթական համակարգի պայմաններում. ինքս միշտ այս ծրագիրը համարել եմ ժամանակավոր։ Ի՞նչ է նշանակում ժամանակավոր. այս ծրագիրը նախատեսված էր մինչև 2018 թվականը, և հետագայում պետք է դադարեցվեր այն պայմանով, որ դպրոցներում ամրապնդվեր վրացերենի՝ որպես երկրորդ լեզվի համակարգը։ Բայց իրականում դա տեղի չունեցավ, իսկ մինչ օրս դպրոցներում իրականացված ծրագրերը բավարար չեն»,- կարծում է Գաբունիան:

Գաբունիան հույս հայտնեց, որ խնդիրներով լի կրթական համակարգի օրոք ծրագիրը չի չեղարկվի, ինչպես չչեղարկվեց 2018 թվականին` ծրագրի վերջնաժամկետին. «չեղարկվելու դեպքում սա մեծ հարված է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին»:

Ուսանողների կարծիքներ

Մառնեուլիի շրջանի Շահումյան գյուղից, Իլիայի պետական համալսարանի ուսանող Էդիկ Քամալյանը ասաց. «Եթե ​​որոշ մարդիկ կարծում են, որ ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածքներում իրավիճակն արդեն այնքան է բարելավվել, որ մոտ ապագայում այս ծրագրի կարիքը չի լինի, սխալվում են»։

Էդիկի խոսքով՝ Սամցխե-Ջավախեթի և Քվեմո Քարթլի շրջանների իրավիճակին եթե ծանոթանան, այդ ժամանակ պարզ կլինի՝ արդյո՞ք այս ծրագիրը պետք է չեղյալ համարվի, թե՞, ընդհակառակը՝ ավելի ուժեղացվի: Ուսանողը կարծում է, որ այս ծրագիրը ոչ միայն հնարավորություն է տալիս սովորելու վրացերենը՝ պետական ​​լեզուն, այլև նպաստում է էթնիկ փոքրամասնությունների ինտեգրմանը վրացական հասարակությանը, համապատասխանաբար այս ծրագրի չեղարկումը շատերին կվերադարձնի 2010 թվականից առաջ գոյություն ունեցող իրականություն:

Էդիկը «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նաև նշեց, որ քանի դեռ այս խնդիրը գոյություն ունի և դեռևս մեծ մասամբ լուծված չէ՝ անտրամաբանական է խոսել 1+4 ծրագրի վերացման մասին.

«Ոչ վրացալեզու դպրոցներում չեն դասավանդվում այնպիսի առարկաներ, ինչպիսիք են վրաց լեզուն և գրականությունը, որոնք ուսումնասիրվում են վրացախոս դպրոցներում և հանձնվում միասնական ազգային քննության, այստեղ հարց է առաջանում՝ այս ամենը հաշվի առնելով՝ ինչպե՞ս պետք է ազգային փոքրամասնությունների երիտասարդները կարողանան ընդունվել համալսարան։

Իհարկե, երիտասարդների շրջանում դրական միտում կա, ասաց Էդիկը, սակայն դժվար թե լեզվին լավ տիրապետողների տոկոսային սահմանը հավասար լինի 93-ի։

«Ալիք Մեդիա Վրաստանը»-ը զրուցեց նաև վերոնշյալ ծրագիրն ավարտած Իլիայի պետական համալսարանի առաջին կուրսի ադրբեջանցի ուսանողուհի Մինաիա Կազիեվայի հետ. ուսանողուհու խոսքով՝ «այս նախաձեռնությունը տարիներ շարունակ եղել է պետության և էթնիկ փոքրամասնությունների երիտասարդության միջև ամենաամուր կամուրջներից մեկը»:

Մինաիան նշեց, որ եթե չլիներ «1+4»-ը, բարձրագույն կրթություն ստանալու իր և հասակակիցների հնարավորությունները կլինեին հարցականի տակ.

«Իմ անձնական փորձից ելնելով կարող եմ ասել, որ առանց այս ծրագրի ինձ և ինձ նման շատ երիտասարդների համար շատ ավելի դժվար կլիներ Վրաստանում բարձրագույն կրթություն ստանալը։
Բազմաթիվ էթնիկ ադրբեջանցի և հայ աշակերտներ դպրոցն ավարտում են վրացերենի անբավարար իմացությամբ, և սա նրանց մեղքը չէ։ Դպրոցում ես և իմ ընկերները վրացերենին չէինք տիրապետում այն ​​մակարդակով, որը թույլ կտար անմիջապես ընդունվել համալսարան վրացալեզու քննություններով։ Անձամբ ինձ համար այս տարին շատ կարևոր էր»,- նշեց ուսանողուհին:

Անժելիկա Պողոսյանը` Նինոծմինդայի շրջանի Փոքր Գոնդուրա գյուղից, «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նշեց՝ հենց այս ծրագրով է բազմաթիվ հաջողությունների հասել։

«Վրաց լեզվի նախապատրաստական կուրսից հետո ոչ վրացալեզու ուսանողներս ձեռք ենք բերում բավականաչափ գիտելիքներ՝ բակալավրի աստիճանում սովորելու համար, կարողանում ենք նաև վրացի ուսանողների հետ հաղորդակցվել, և այն կաշկանդվածությունը, որը, կարծում էինք, կունենանք համալսարանական կյանքի առաջին շրջանում, գոյություն չունի»,- ընդգծեց Անժելիկան:

Սրա մասին են վկայում նաև ապագա ուսանողները։ Նրանք պատմեցին, որ դպրոցներում վրացերենի ուսուցման մակարդակը փոքրամասնություններով բնակեցված տարածաշրջաններում բավարար չէ, որպեսզի ԲՈՒՀ ընդունվելու համար երեխաները կարողանան քննություններ հանձնել վրացերեն. ասում են՝ շատերի համար «1+4»-ը միակ հնարավորությունն է Վրաստանում բարձրագույն կրթություն ստանալու համար:

«Շատ աշակերտների համար, որոնց մայրենի լեզուն վրացերենը չէ, սա միակ ճանապարհն է բարձրագույն կրթություն ստանալու։ Եթե այս ծրագիրը չեղարկվի, փոքրամասնությունների բազմաթիվ ներկայացուցիչներ կզրկվեն Վրաստանում կրթություն ստանալու հավասար հնարավորությունից կամ ստիպված կլինեն հեռանալ երկրից՝ իրենց կրթությունը շարունակելու այլ վայրում»,-«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց Լիդա Սարգսյանը. նա պատրաստվում է ընդունվել համալսարան հենց այս ծրագրին մասնակցելով:

Նշենք, 2010 թվականից ի վեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հնարավորություն ունեն Վրաստանում բարձրագույն կրթություն ստանալու պարզեցված ընթացակարգով։ Պարզեցված համակարգը, այսպես կոչված՝ «1+4» ծրագիրը, հնարավորություն է ընձեռում ընդհանուր ունակությունների (մաթեմատիկա և տրամաբանություն) քննություն հանձնել հայերեն, ադրբեջաներեն, աբխազերեն ու օսերեն, և համապատասխան միավորներ հավաքելու դեպքում՝ բարձրագույն կրթություն ստանալ։ Բուհերում երիտասարդները անցնում են վրաց լեզվի 1-ամյա նախապատրաստական ​​դասընթաց, ապա, 60 կրեդիտ կուտակելուց հետո, շարունակում են ուսումը իրենց ընտրած ֆակուլտետում։