
Կաթ կամ թթվասերով վայելող կատվի պատկերը խորապես արմատավորվել է զանգվածային մշակույթում՝ հատկապես մուլտֆիլմերի շնորհիվ։ Բայց արդյոք կաթնամթերքն իսկապես անվտանգ է ընտանի կատուների համար իրական կյանքում։ Ամերիկացի անասնաբույժ Բրյուս Կորնրայխը պարզաբանում է, որ թեև կատուները կաթնասուններ են և կերակրում են իրենց ձագերին կաթով, տարիքի հետ նրանք կորցնում են լակտոզա կոչվող կաթնաշաքարը մարսելու ունակությունը։
Բացի այդ, կաթը պարունակում է կազեին՝ սպիտակուց, որը կարող է կատուների մոտ առաջացնել ալերգիկ ռեակցիա։ Այս մասին հայտնում է Inverse պարբերականը։
Մասնագետի խոսքով՝ փոքր քանակությամբ կաթը հավանաբար չի վնասի կենդանին։ Սակայն դրա կանոնավոր օգտագործումը կարող է բացասական հետևանքների հանգեցնել։
Լակտազա ֆերմենտի պակասի պատճառով լակտոզան մնում է մարսողական համակարգում և սկսում է խմորում։ Դա հանգեցնում է գազերի առաջացման, ջրի կուտակման աղիքներում, ինչը առաջացնում է փքվածություն և դիառեա։ Վերջինս կարող է վտանգավոր լինել ջրազրկման և էլեկտրոլիտային անհավասարակշռության պատճառով, ուստի պահանջում է անասնաբույժի միջամտություն։