
Նինոծմինդայի Կարլ Մարքս փողոցում արդեն ավելի քան տաս օր է, ինչ առկա է ջրի արտահոսք։ Ինչպես ասում են բնակիչները ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել ջրագծի վնասում, ինչի հետևանքով արտահոսքը հասնում է մինչև կենտրոնական՝ Ազատություն փողոց։
Հարկ է նշել, որ այս նույն փողոցում նախկինում ևս արձանագրվել են նմանատիպ խնդիրներ, որոնք սակայն հետագայում լուծվել են։
Բնակիչների խոսքով՝ այս անգամ խնդիրը շարունակվում է արդեն ավելի քան տասը օր։ Նաև նրանք նշեցին, որ ջրի անընդհատ հոսքը խոչընդոտում է ինչպես հարակից տների բնակիչների անցուդարցին, այնպես էլ երեխաների ու տարեցների անվտանգ տեղաշարժին։ Բացի այդ, երեկոյան ժամերին, երբ ջրամատակարարումը դադարեցվում է, փողոցում տարածվում է տհաճ հոտ։ Հետևաբար, պարզ չէ՝ ջրամատակարարման, թե՞ կոյուղու համակարգն է վնասված։
Բնակիչների փոխանցմամբ՝ արդեն դիմել են Վրաստանի միացյալ ջրամատակարարման գրասենյակի Նինոծմինդայի մասնաճուղ, սակայն դեռևս ոչ մի գործողություն չի իրականացվել խնդրի լուծման համար։
Նինոծմինդայում ջրային ռեսուրսների անտեղի արտահոսքը օրերով մնում է չլուծված, այն ինչ քաղաքի տարբեր հատվածներում բնակիչները ունեն խմելու ջրի կարիք։
Այս խնդրի առնչությամբ տեղեկություն ստանալու նպատակով NOR ռադիոկայանը դիմեց Վրաստանի միացյալ ջրամատակարարման տարածաշրջանային գրասենյակ, այնտեղից էլ հրաժարվեցին տեղեկություն հայտնել։
Տեսանյութ․