
Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածքում գտնվող և Ախալքալաքի ու Նինոծմինդայի մունիցիպալիտետները սպասարկող աղբանոցը մոտ երեք ամիս է մնացել է առանց կոնսերվացման աշխատանքների, քանի որ տեխնիկան շարքից դուրս է եկել։ Այս մասին գրում է Ջավախքի լրատվական կենտրոնը։
Աղբավայրից լուսանկար՝ նկարված ապրիլի 4-ին
Աղբավայրից լուսանկար՝ նկարված մայիսի 20 -ին
Ապրիլի սկզբին Jnews-ը հոդված էր հրապարակել աղբավայրում տիրող հակասանիտարական վիճակի մասին․ Այդ ժամանակ Ախալցիխեում գործող ՍՊԸ «Պինդ թափոնների կառավարման ընկերություն»- ից, որն այս աղբավայրը նույնպես համակարգում է, պատասխանեցին, որ իբր դա Ախալքալաքին չի վերաբերում, քանի որ աղբավայրը գտնվում է Նինոծինդայի մունիցիպալիտետում։
Երեկ՝ մայիսի 20-ին, մենք կրկին այցելեցինք այնտեղ՝ դրական փոփոխություններ տեսնելու հույսով։
Պահակը մեզ թույլ չտվեց ներս մտնել և արգելեց լուսանկարել տարածքը, բայց մենք լուսանկարեցինք դրսից։ Դժբախտաբար, իրավիճակը մնում է նույնը։
Հեռվում երևում էր աշխատող փոքրիկ տրակտորը, մինչդեռ մեծն անշարժ կանգնած էր։ Պահակի խոսքով, մեծ տրակտորի շարժիչը փչացած է, սակայն այն մոտակա օրերին կբերվի։ Դրանից հետո, նրա պնդմամբ, կսկսվեն կոնսերվացիոն աշխատանքները։
Աղբավայրի շուրջը ցանկապատված է, 10 տարվա ընթացքում աղբավայրի տարածքը երկու-երեք անգամ մեծացել է։ Նոր տարածքներում ցանկապատ չկա, իսկ քամին պոլիէթիլենային տոպրակները (և ոչ միայն) քշում տանում է հարակից դաշտեր ու արոտավայրեր։
Ցանկապատից անմիջապես հետո կարտոֆիլի ցանքատարածություններ են, որոնց տերերը բազմիցս բողոքել են իրենց հողատարածքներում տարածված ցելոֆանի պատճառով։ Բացի այդ, պարկերը վտանգ են ներկայացնում անասունների համար՝ կենդանիները կարող են խեղդվել դրանցից:
Խնդիրը պահանջում է անհապաղ միջամտություն, քանի որ իրավիճակը շարունակում է վատթարանալ՝ սպառնալիք ստեղծելով շրջակա միջավայրին և տեղի բնակիչների առողջությանը։