
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հետ Օվալաձև աշխատասենյակում հանդիպման ժամանակ կոշտ քննադատության է ենթարկել NBC News-ի թղթակից Փիթեր Ալեքսանդրին։
Թրամփը և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան չորեքշաբթի երկկողմ հանդիպում են ունեցել Օվալաձև աշխատասենյակում, որի ընթացքում երկուսն էլ պատասխանել են լրագրողների հարցերին։ Երբ Ալեքսանդրը հարցրել է փախստականների նկատմամբ քաղաքականության մասին, Թրամփն անմիջապես քննադատել է նրան՝ դիմելով Ռամաֆոսային. «Սա այն խումբն է, NBC-ն, որը կեղծ լուրեր է տարածում»։
Թրամփին զայրացրել է, երբ լրագրողն ԱՄՆ նախագահին հարցրել է՝ ինչու է նպատակահարմար Սպիտակ տանն ընդունել սպիտակամորթ հարավաֆրիկացիներին, «այն դեպքում, երբ այլ փախստականների, մասնավորապես՝ աֆղանցիների, վենեսուելացիների, հայիթցիների պաշտպանության կարգավիճակը չեղյալ է հայտարարվել»։
Թրամփն NBC-ին մեղադրելով կեղծ լուրեր տարածելու մեջ, հավելել է, որ լրատվամիջոցի թղթակիցները շատ հարցեր են տալիս շատ սուր ձևով: «Դրանք հարցեր չեն, դրանք հայտարարություններ են», -նշել է ԱՄՆ նախագահը։
Րոպեներ անց Ալեքսանդրը կրկին առաջացրեց Թրամփի զայրույթը՝ հարցնելով 400 միլիոն դոլար արժողությամբ շքեղ ինքնաթիռի մասին, որը Թրամփը նվեր է ստացել Կատարից՝ որպես Ռազմաօդային ուժերի թիվ մեկ ինքնաթիռ օգտագործելու համար։
«Ինչի՞ մասին եք խոսում։ Գիտե՞ք, դուք պետք է չքվեք այստեղից։ Ի՞նչ կապ ունի կատարյան ինքնաթիռի հետ։ Նրանք ինքնաթիռը հանձնում են Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերին, եղա՞վ։ Եվ դա հիանալի է։ Մենք շատ այլ բաների մասին ենք խոսում։ Սա NBC-ն է, որը փորձում է խուսափել այն բանից, ինչ դուք հենց նոր տեսաք։ Դուք իսկական… գիտե՞ք, դուք սարսափելի լրագրող եք։ Նախևառաջ, դուք չունեք լրագրող լինելու համար անհրաժեշտ որակները։ Դուք բավականաչափ խելացի չեք։ Բայց եթե խոսենք Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերին տրված ռեակտիվ ինքնաթիռի մասին, որը շատ լավն է, այս ինքնաթիռից բացի նրանք նաև ներդրել են 5,1 տրիլիոն դոլար։ Վերադարձեք՝ դուք պետք է վերադառնաք ձեր ստուդիա NBC-ում, քանի որ Բրայան Ռոբերթսը և այնտեղ աշխատող մարդիկ արժանի են հետաքննության։ Այնքան սարսափելի է, թե ինչպես եք կառավարում այդ ալիքը։ Իսկ դուք տեղով խայտառակություն եք։ Ձեզնից այլևս ոչ մի հարց չլսեմ։ Դե, պատմեք մեզ դրա մասին։ Նրա անունը Փիթեր է։ Ազգանունն ինչ էր… Նա ահավոր լրագրող է», -զայրացած ասել է ԱՄՆ նախագահը։
Ավելի ուշ Թրամփը կրկնել է իր խոսքերը՝ «ապուշ» և «ցնդած» անվանելով Փիթեր Ալեքսանդրին: