Ինչպես մանկության խոհանոցը նրան դարձրեց հանրաճանաչ

Ինչպես մանկության խոհանոցը նրան դարձրեց հանրաճանաչ

Մանկուց սիրելով խոհանոցը՝ Էթերի Սնխչյանը դարձավ հազարավոր հետևորդների սիրելի ֆուդբլոգեր՝ պահպանելով համեստությունն ու ջերմ կապը իր արմատների՝ Ջավախքի հետ։

Էթերի Սնխչյանը ծնվել է 1987 թվականին Ջիգրաշեն գյուղում։ Մինչև 14 տարեկան սովորել է գյուղի հանրային դպրոցում, սակայն հետո ընտանիքով տեղափոխվել է Մոսկվա, որտեղ բնակվում է մինչ օրս։ Ավարտել է Մոսկվայի բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետը։ Մի քանի տարի աշխատելով որպես ատամնաբույժ՝ որոշել է դադար տալ մասնագիտական գործունեությունը՝ ժամանակը նվիրելով ընտանիքին ու երեխաների դաստիարակությանը։ Էթերին ունի 3 երեխա՝ երկու աղջիկ, մեկ տղա։

Ինչպես նշում է Էթերին NOR-ի հետ զրույցում, 12 տարեկանից սիրել է պատրաստել բազմազան ուտելիքներ և միշտ նկարահանել իր պատրաստածը։ Իմանալով ինստագրամյան հարթակի մասին՝ Էթերին որոշեց տեղադրել իր ուտելիքների լուսանկարները։

«Մարդիկ սկսեցին հավանել և բաժանորդագրվել իմ էջին, ինչպես նաև խնդրում էին, որ նկարների տակ ավելացնեմ բաղադրատոմսերը, և այդպես ես դարձա ֆուդբլոգեր», — պատմում է նա։

Արդեն 9 տարի է, ինչ Էթերին զբաղվում է բլոգինգով։ Չնայած նրան, որ իր նախկին էջը, ունենալով 1.5 միլիոն հետևորդ, արգելափակվել էր, նա շարունակել է իր գործունեությունը նոր էջում։ Այժմ Էթերին վարում է ոչ միայն խոհարարական, այլ նաև անձնական բլոգ։

Էթերիի խոսքով բացասական մեկնաբանությունները հազվադեպ են։ Քանի որ բլոգը, իր կյանքի մասին է․ «Ես ցույց եմ տալիս ամեն ինչ անկեղծ, ինչպես որ կա, առանց ձևականությունների, չափազանցության ու պարծենկոտության, դրա համար ես հարգում ու սիրում եմ իմ հետևորդներին՝ նրանք էլ ինձ»։

Բլոգերի ամենասիրած ուտեստներն են թփով տոլման, Ջավախքի աղի գաթան, սալյանկան և շիլա փլավը։ Նա նաև մեծ սիրով ճանապարհորդում է, եղել է 26 երկրներում։

Երկու տարին մեկ Էթերին այցելում է հայրենիք՝ Ջավախք, որտեղ գտնվում է իր պապիկի՝ Արտուշ Սնխչյանի գերեզմանը, ով երկար տարիներ եղել է Ջիգրաշենի դպրոցի տնօրենը։ Հորաքույրերը նույնպես բնակվում են Նինոծմինդայում։

Ջավախքից բլոգերի հետևորդները շատ են, Էթերին պատմում է, որ ձգտում է բարձր պահել հայ աղջկա անունը, ցույց տալով ջավախքցու թասիբը, աշխատասիրությունը, համեստությունն ու նվիրվածությունը։

Էթերին իր աշխատասիրության, շփվող ու ձգտող լինելու շնորհիվ, թե’ դպրոցում, թե’ համալսարանում և կյանքում հասել է իր նպատակներին ու միշտ շրջապատված է եղել լավ մարդկանցով։ Նա շարունակում է ազդել հազարավոր հետևորդների վրա՝ հատկապես հայ մայրիկների և կանանց։

«Սա ես եմ իմ սիրելի տատիկի հետ, ամռանը նա Նինոծմինդայում է լինում, իսկ մնացած ժամանակահատվածում իմ ծնողների հետ է ապրում՝ Մոսկվայում։ Հետևորդներս նրան շատ են սիրում»,-ասում է Էթերին։