
Նինոծմինդայի մունիցիպալիտետում նախատեսվում է կառուցել նոր հիդրոէլեկտրոկայան՝ «Արաքալի ՀԷԿ»-ը, որը կգործի Փարվանա գետի վրա։ Այս ծրագրի շրջանակում Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա, Ջիգրաշեն Մեծ Արագյալ գյուղերում տեղի է ունեցել հանրային քննարկում, քանի որ հենց այս գյուղերի տարածքում է նախատեսվում կառուցել նոր ՀԷԿ-եր։
Հանրային քննարկմանը մասնակցել են տվյալ գյուղերիի բնակիչները, ինչպես նաև ղեկավար անձինք։ Այս մասին հայտնեցին վերոնշյալ գյուղերի գյուղապետները։
Մեզ հետ զրույցում Հեշտիա գյուղի գյուղապետ Եգոր Քոթոյանը նշեց. «Հարցը քննարկվեց Ղաուրմա և Հեշտիա գյուղի բնակիչների հետ, ամեն ինչ հաշվարկված է թե՛ էկոլոգիապես, թե՛ տարածքի առումով։ Այն չի վնասում նաև ջրային ռեսուրսները, բնակելի տարածքներից էլ 600 մետր հեռավորության վրա է գտնվում։
NOR ռադիոկայանը կապ հաստատեց նաև Մեծ Արագյալ գյուղի գյուղապետ Արման Աղջոյանի հետ, ով նշեց որ գյուղում անցկացվել է քննարկում, ներկայացվել է ծրագիրը և առաջիկայում կրկին քննարկումներ կլինեն։
NOR-ը հեռախոսազրույց ունեցավ նաև Ջիգրաշեն գյուղի ներկայացուցիչ Արա Հովհաննիսյանի հետ, ով ասաց, որ գյուղում ևս անցկացվել են քննարկումներ տվյալ ծրագրի վերաբերյալ և ներկայացվել է ծրագրի բովանդակությունը։ Հարցին, թե որքան գումար է նախատեսվում ծախսել և երբ կսկսվեն աշխատանքները, Հովհաննիսյանը պատասխանեց, որ մանրամասները դեռևս պարզ չեն։
«Արաքալի ՀԷԿ»-ի շինարարությունը նախատեսվում է իրականացնել 25 ամսվա ընթացքում։ Նախագծի մանրամասները հասանելի են Պետական և մասնավոր գործընկերության գործակալության պաշտոնական կայքում։
Նախագծվող «Արաքալի ՀԷԿ»-ի կառուցման համար նախատեսվում է ստեղծել երկու շինարարական ճամբարներ Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածքում՝ Սաթխա գյուղի հարևանությամբ։
Ամենամոտ բնակելի տունը գտնվում է Փոքր Արագյալ գյուղում՝ շինհրապարակից մոտ 1200 մետր դեպի հյուսիս-արևմուտք, իսկ Մեծ Արագյալ գյուղի ամենամոտ տունը՝ մոտ 1350 մետր դեպի հարավ-արևմուտք։
Շինարարական աշխատանքները կիրականացնի «Արաքալի» ՍՊԸ-ն, «Արաքալի» ընկերության 75%-ը պատկանում է ամերիկյան «Լոնգշիփ Էներջիին», իսկ 25%-ը՝ Վախտանգ Բարբաքաձեին:
Հանրային քննարկումները շարունակվում են, և ծրագրի մանրամասները դեռևս մշակման փուլում են։
Մայիսի 28-ին NOR ռադիոկայանի նկարահանող խումբը այցելել է Արագյալ գյուղ՝ պարզելու, թե որքանով են տեղյակ տեղի բնակիչները նախատեսվող հիդրոէլեկտրակայանի (ՀԷԿ) կառուցման վերաբերյալ։
Հարցվածների մեծ մասը տեղեկացված էին գործընթացից և մասնակցել էին կազմակերպված հանրային քննարկումներին։ Միաժամանակ բնակիչներից մի քանիսը հայտնեցին, որ ամբողջական տեղեկություն չունեն նախաձեռնության մասին։
Մեծ Արագյալ գյուղի բնակիչ Լևոն Դալիբալթյանը ասաց․
«ՀԷԿ-ի շինարարությունը նախատեսվում է սկսել Սաղամո գյուղի տարածքից և հասնել մինչև մեր անտառածածկ հատվածը։ Գյուղում արդեն երկու անգամ տեղի են ունեցել հանրային քննարկումներ, որոնց ընթացքում մենք ներկայացրել ենք մեր առաջարկներն ու մտահոգությունները։ Հիմնական առաջարկը՝ ոռոգման ջրի խնդրի լուծումը ՀԷԿ-ի կառուցումից հետո, ներկայացվել է ֆիրմայի ներկայացուցիչներին, և նրանք ընդունել են պայմանը։ Քանի որ կայանի կառուցման ուղին անցնելու է Մեծ և Փոքր Արագյալների տարածքով, կարևոր էր, որ մեր համայնքի կարիքները նույնպես հաշվի առնվեն»։
Բնակիչը խոսեց նաև հնարավոր վնասների մասին՝ ընդգծելով, որ գյուղի ճանապարհներով ծանր տեխնիկայի շարժը կարող է վնասել ճանապարհները, արոտավայրերը և հողատարածքները։
«Սա ևս ներառվել է պայմանագրում։ Մենք պահանջել ենք, որ ճանապարհների վնասման դեպքում պատասխանատվությունն ընկնի շինարարություն իրականացնող ընկերության վրա։ Եթե կառուցվելու է ամբարտակ, կարևոր է, որ բոլոր անվտանգության պահանջները լիարժեք պահպանվեն։ Եթե այդ ստանդարտները պահպանվում են, մենք հակառակվելու հիմք չունենք»,-ասում է Արագյալ գյուղի բնակիչը:
Բացի մտահոգություններից, բնակիչը նշեց նաև դրական կողմերը՝ կապված հնարավոր տնտեսական օգուտների հետ։
«Շինարարական աշխատանքները տևելու են շուրջ 25 ամիս, որի ընթացքում կարող են բացվել աշխատատեղեր։ Դա հնարավորություն կտա նաև Մեծ Արագյալ գյուղի բնակիչներին ներգրավվել աշխատանքի մեջ։ Եթե ամեն ինչ ընթանա նախատեսված ձևով, հնարավոր է նաև, որ ՀԷԿ-ի գործարկումից հետո մեր համայնքը օգտվի ավելի մատչելի էլեկտրաէներգիայից»,- ասաց բնակիչը։
Լևոն Դալիբալթյանը հավելեց, որ երկրորդ հանդիպման ժամանակ նախաձեռնող կողմի ներկայացուցիչները խոստացել են այցելել գյուղի բոլոր տներ և ստանալ յուրաքանչյուր ընտանիքի համաձայնությունը։
Բնակիչը վերջում էլ հավելեց, որ շատ լավ կլինի եթե բոլոր նախապայմանները կատարվեն այնպես ինչպես խոստացել են։
Նաև պետք է նշել, որ տարածաշրջանում արդեն իսկ կա հիդրոէլեկտրակայանների կառուցման փորձ։ Ախալքալաքի և Ախալքալաքի 1 հիդրոէլեկտրակայանի կառուցման ժամանակ խնդիրներ առաջացան ցեմենտի փոշու տեսքով, որը փչացրեց բերքը, ողողեց տեղի բնակիչների հողերը, ինչը դժգոհություն առաջացրեց բնակչության շրջանում։
Եթե նախկինում գարնանը Փարվանա գետի ջրի քանակը ավելանում էր, ապա աստիճանաբար իրավիճակը վատանում է և դառնում է ողբալի, գետի ջուրը չի բարձրանում։ Մասնագետների կարծիքով, գետի ջրի նվազումը հղի է հսկայական բնապահպանական աղետով, որի մասին հիդրոէլեկտրակայանի շինարարները ջանասիրաբար լռում են։
Ռադիո NOR-ը իր առաջիկա նյութերում բնակչությանը կներկայացնի այն մասին, թե ինչպես է հիդրոէլեկտրակայանների կառուցումն ու շահագործումը ազդում բնության և բնակչության վրա։
Մանրամասները տեսանյութում.