«Վրացական FARA»-ի դեմ հայց է ներկայացվել ՍԴ

«Վրացական FARA»-ի դեմ հայց է ներկայացվել ՍԴ

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» (GYLA) մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունը (ՀԿ) դիմել է Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ «վրացական FARA»-ի («Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենք) գործողությունը կասեցնելու պահանջով։

GYLA-ի հետ մեկտեղ հայցվորներ են նաև «Մոնիտոր» ստուդիա և «Վրաստանի լուրեր» լրատվամիջոցները։ Հայցը դատարան է ներկայացվել 2025 թվականի մայիսի 15-ին։

Մայիսի 22-ին կազմակերպության գրասենյակում կայացած մամուլի ասուլիսում GYLA-ի ղեկավար Նոնա Քուրդովանիձեն հայտարարել է, որ օրենքն «անմիջական սպառնալիք է այն ​​կազմակերպությունների և անհատների համար, որոնց գործունեությունը կարող է հայտնվել օրենքի կարգավորման շրջանակում», հետևաբար «կա անհրաժեշտ պայման, որ այս հայցը արագ քննարկվի, և Սահմանադրական դատարանը կասեցնի վիճարկվող նորմերը»։

«Մի կողմից «Վրացական երազանք»-ի շարժառիթը հստակ է՝ տարբեր ձևերով սահմանափակել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, լրատվամիջոցների և ոչ միայն կազմակերպությունների, նաև անհատների գործունեությունը, և սա ծառայում է օրենքի այս նպատակին», — ասել է Քուրդովանիձեն։

Նրա խոսքով, «նորմալ մեկնաբանության դեպքում» օրենքը չի կարող օգտագործվել իրենց կազմակերպության դեմ, «սակայն «Վրացական երազանք»-ի հռետորաբանությունը և այս օրենքի անորոշ բնույթն ու դրա անորոշ բովանդակությունը, նաև Հակակոռուպցիոն բյուրոյին անկանխատեսելի լիազորություններ տալը ռիսկեր են ստեղծում, որ այս օրենքը կկիրառվի բռնաճնշումների նպատակով»։

Ապրիլի 1-ին «Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների վերաբերյալ սահմանափակող «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքը, որը մշակվել է ամերիկյան FARA-ի մոդելով, սակայն, ի տարբերություն իր ամերիկյան համարժեքի, սա ուղղված է անկախ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և լրատվամիջոցների դեմ։

Ավելին, սա միակ օրենքը չէ, որն ընդունել է «Վրացական երազանք» կուսակցությունը` եվրոպամետ հանրահավաքներին զուգահեռ լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության և ցույցերի գործունեությունը սահմանափակելու նպատակով. անկախ կազմակերպությունները այլևս չեն կարող դրամաշնորհներ ստանալ առանց «Վրացական երազանք»-ի կառավարության համաձայնության, իսկ վարչական օրենսգրքի այն հոդվածներով, որոնք առավել հաճախ կիրառվում են հանրահավաքների մասնակիցների դեմ, ավելացվել են տուգանքներն ու վարչական կալանքի ժամկետները։ aliq.ge