
Հետազոտողների միջազգային թիմը գենետիկ կապ է հայտնաբերել COVID-19-ից հետո երկարատև ախտանիշների միջև։ Հայտնաբերված գենի տարբերակը տեղայակված է FOXP4 գենի մոտ, որն, ինչպես հայտնի է, ազդում է թոքերի գործառույթի վրա։ Nature Genetics բժշկագիտական հանդեսում հրապարակված հետազոտությունը ղեկավարել են Շվեդիայի Կարոլինսկա ինստիտուտի և Ֆինլանդիայի մոլեկուլային բժշկության ինստիտուտի գիտնականները։
COVID-19 վարակից հետո կայուն ախտանիշների կենսաբանական պատճառները, որոնք հայտնի են որպես երկարատև COVID կամ հետքովիդյան հետևանք, դեռևս անհասկանալի են։ Հաճախ հանդիպող ախտանիշներից են հոգնածությունը, ճանաչողական ունակությունների դժվարությունները և շնչառական խնդիրները, որոնք կարող են նվազեցնել կյանքի որակը։
Միջազգային համագործակցության՝ «Երկարատև COVID-19 գենետիկայի նախաձեռնության» շրջանակում հետազոտողները վերլուծել են 16 երկրների 24 հետազոտությունների շրջանակում անցկացված 6450 երկարատև COVID-19 բուժառուների և մեկ միլիոնից ավելի վերահսկիչ խմբի գենետիկական տվյալներ։
Նրանք COVID-19-ով երկարատև վարակման ռիսկը մոտ 60%-ով մեծացնող գենի տարբերակ են հայտնաբերել։ Գենետիկ կապը հաստատվել է անկախ վերլուծությամբ, որը ներառել է ևս 9500 դեպք։
Այս գենի տարբերակը տեղայակված է թոքերի զարգացման և հիվանդությունների մեջ ներգրավված FOXP4 գենի անմիջապես կողքին։
«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ թոքերի գործառույթի խանգարումը կարևոր դեր է խաղում խրոնիկական COVID-ի զարգացման գործում, -նշել է Կարոլինսկա ինստիտուտի ֆիզիոլոգիայի և դեղագիտության ամբիոնի ավագ դասախոս և առաջատար հետազոտող Հյուգո Զեբերգը։ -Չնայած այս գենի տարբերակը զգալիորեն մեծացնում է ռիսկը, կարևոր է հասկանալ, որ այն շատ ավելի մեծ հանելուկի միայն մեկ մասն է»։