
Մայիսի 23-ին Թորիայի հանրային դպրոցի առաջին դասարանի աշակերտները նշանավորեցին իրենց ուսումնառության առաջին կարևոր փուլը՝ հրաժեշտ տալով «Այբբենարանին»։
Միջոցառումը, որը կազմակերպել էր հայոց լեզվի ուսուցչուհի Քրիստինե Խաչատրյանը, վերածվել էր փոքրիկ տոնի՝ լի ջերմությամբ, հուզմունքով ու մանկական անկեղծությամբ։ Տոնական միջավայրում ներկա էին աշակերտների ծնողները, ուսուցիչներն ու գյուղի բնակիչները։
Միջոցառման մեկնարկը տրվեց տառերի արտասանությամբ՝ որպես խորհրդանշական մեկնարկ մի ճանապարհի, որն աշակերտները անցել էին մեկ ուսումնական տարվա ընթացքում։ Աշակերտները հանդես եկան երգերով, բանաստեղծություններով, պարային համարներով եւ փոքրիկ բեմադրություններով։ Ամեն ինչ արված էր սիրով, մեծ ջանասիրությամբ ու հպարտությամբ։
Միայն մի քանի ամիս առաջ այս երեխաները դպրոց էին եկել որպես գրքի և գրության աշխարհում առաջին քայլեր կատարողներ։ Այժմ, ուսուցչուհու նվիրված աշխատանքի ու իրենց ջանքերի շնորհիվ, նրանք արդեն կարողանում են ինքնուրույն կարդալ։ Այս միջոցառման ամենախորքային պահը երեխաների հրաժեշտն էր իրենց առաջին ընթերցած գրքին՝ «Այբբենարանին», որը դարձել էր ոչ միայն ուսումնական գործիք, այլեւ բարեկամ։
Տարրական դասարանում դրվում է գիտելիքի հիմքը, և այդ հիմքի ամրությունն ու ճշգրտությունը մեծապես կախված է առաջին ուսուցչի անհատականությունից և պրոֆեսիոնալիզմից:
Միջոցառումը հուզիչ էր նաև ծնողների համար։ Նելլի Մալխասյանը, ով ներկա էր իր երեխայի ելույթին, կիսվեց իր զգացմունքներով․
«Անգնահատելի են էմոցիաները, որոնք ապրում ես, երբ տեսնում ես երեխայիդ արդեն գրաճանաչ։ Հերթական անգամ հպարտություն և ուրախություն ես ապրում»-նշեց Նելլի Մալխասյանը :
Այս միջոցառումը ոչ միայն կրթական, այլև հոգևոր մեծ նշանակություն ուներ՝ ամրապնդելով դպրոցի, ընտանիքի և համայնքի կապը։ Առաջին դասարանցիները վստահորեն անցան դեպի նոր փուլ՝ գիտելիքի շարունակական ճանապարհի։