
ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում երեք տղամարդ հափշտակել են ավելի քան 60 կգ ոսկի պարունակող խտանյութ, որի ընդհանուր արժեքը 434 միլիոն ռուբլի է: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկին։
«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ երկու աշխատակից՝ իրենց ծանոթի հետ միասին, լինելով կազմակերպության տարածքում, որը գտնվում է Կրասնոյարսկի երկրամասի Սևերո Ենիսեյսկի շրջանի Երուդա ավանում, ավելի քան 60 կիլոգրամ ոսկի պարունակող խտանյութ են հափշտակել, որը համարժեք է մոտավորապես 50 կգ քիմիապես մաքուր ոսկու», – հայտնել է Վոլկը Telegram-ում՝ հավելելով, որ վնասը կազմել է 434 միլիոն ռուբլի։
Տղամարդիկ գողացված խտանյութն ավտոմեքենայով տարել են Եմելյանովսկի շրջանի Գլյադեն գյուղ և թաքցրել իրենցից մեկին պատկանող տանը։ Գողության փաստը բացահայտել են Ռուսաստանի ՆԳՆ-ի տնտեսական անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության երկրամասային վարչության աշխատակիցները։
«Ներգրավված անձինք նաև կասկածվում են տարբեր ապրանքների և նյութերի գողության մեջ։ Հափշտակված ապրանքների արժեքը կազմել է 7,8 միլիոն ռուբլի», – հավելել է Վոլկը։
Տղամարդիկ ձերբակալվել են ոստիկանների կողմից՝ Ռուսաստանի Ազգային գվարդիայի մարտիկների մասնակցությամբ։ Գողության փաստով հարուցվել են քրեական գործեր։