
Մայիսի 25-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղի հանրային դպրոցի 1974-1975 ուստարվա շրջանավարտները 50 տարի անց կրկին հանդիպեցին։
Հանդիպումը տեղի ունեցավ Նինոծմինդայի Սաթխա գյուղի դպրոցում, որտեղ և հանդիպեցին ներկայիս՝ 2024-2025թթ․ շրջանավարտներին և լուսանկարվեցին։
Նախկին շրջանավարտներից ոմանք եկել էին տարբեր երկրներից՝ հաղթահարելով հազարավոր կիլոմետրեր, աշխատանքային գրաֆիկներ և առօրյա հոգսեր, որպեսզի կրկին տեսնեն միմյանց և հիշեն անցած օրերն ու տարիները։
Հանդիպմանն էին միացել նաև շրջանավարտների ռուսաց լեզվի, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիները։ Նախկին շրջանավարտները ուսուցիչների հետ տեղափոխվեցին լուսավոր անցյալ, վերհիշեցին անցած և կարոտած տարիները։ Սաթխայի ներկայիս տնօրեն Աիդա Մկոյանն ու քիմիայի ուսուցչուհի Ոսկեհատ Կասոյանը հուշադարանից մասնիկներ բերեցին դասասենյակ, որոնցում 74-75 թթ․ շրջանավարտները թողել էին բարեմաղթանքներ և ապագա մասնագիտության մասին ցանկություններ, որոնցից որոշները ճշգրիտ կերպով համընկնում էին նրանց այսօրվա մասնագիտության հետ։
Նրանք հարգանքի տուրք մատուցեցին իրենց ուսման հիմքը դնողին՝ դասվարին։ Հանդիպման ընթացքում մեծ ցավով հիշեցին բացակա ընկերներին… նրանց ներկայությունը միշտ զգալի է, իսկ բացակայությունն՝ անդառնալի։ Այցելեցին շիրիմներին, խոնարհումով և խորը հարգանքով ծաղիկներ խոնարհեցին նրանց լուսավոր հիշատակին։
Բոլորի մոտ արթնացել էին հույզերը, երբ նրանք մտան դասարան, սկսեցին հիշել ու կիսվել հիշողություններով, գեղեցիկ պահերով և պատմություններով։
Ավագ սերունդը երախտագիտությամբ է հիշում իր ուսուցիչներին՝ գնահատելով նրանց նվիրումն ու փոխանցած գիտելիքը, որոնք դարձել են կյանքի հիմք ու արժեքների անկյունաքար։
Տեսանյութ․
Ֆոտոշարք․