Ի՞նչ փոփոխություններ են ուզում տեսնել Նինոծմինդացիները․ Հարցում

Ի՞նչ փոփոխություններ են ուզում տեսնել Նինոծմինդացիները․ Հարցում

NOR ռադիոկայանի անցկացրած հարցումը պարզել է, թե ինչ փոփոխություններ են ցանկանում տեսնել բնակիչները իրենց առօրյայում։

NOR ռադիոկայանը հարցում է անցկացրել Նինոծմինդայի բնակիչների շրջանում՝ պարզելու նրանց կարծիքը, թե ինչ կցանկանան, որ լինի Նինոծմինդայում և ինչ խնդիրներ ունի Նինոծմինդան այսօր:

Հարցվածների կարծիքները տարբեր էին։ Հեշտիա գյուղի մի բնակիչ նշեց, որ ընդհանուր առմամբ գոհ է իրավիճակից։ Որոշ հարցվածներ, սակայն, անտարբերությամբ արձագանքեցին՝ նշելով, որ իրենց համար ամեն ինչ միևնույնն է։

Մեծահասակ մի բնակչուհի Նինոծմինդայից հիշեց անցած տարիները՝ ընդգծելով այն ժամանակվա քաղաքային մաքրության և հիգիենայի կարևոր դերը.

«Նախկինում ջրցան մեքենաներ կային, որոնք առավոտյան և երեկոյան ջրում էին փողոցները։ Դա օգտակար էր առողջության համար և նաև հաճելի էր»,- ասաց բնակչուհին։

Նա նաև հավելեց, որ կարևոր է ստեղծել երիտասարդական կենտրոններ, որտեղ տեղի երիտասարդությունը կկարողանա օգտակար գործունեությամբ զբաղվել՝ հեռու մնալով փողոցային անցանկալի միջավայրից։

Ախալքալաքից հարցված մեկ այլ բնակիչ բարձրաձայնեց ճանապարհների վատ վիճակի մասին՝ ընդգծելով դրա հետևանքները տեղաշարժի և անվտանգ երթևեկության վրա։

Բնակիչը դժգոհեց Նինոծմինդա-Թբիլիսի ուղղությամբ գործող հասարակական տրանսպորտի անբավարարությունից։ Նշվեց, որ երբ տրանսպորտը Ախալքալաքից հասնում է Նինոծմինդա, բոլոր տեղերը գրեթե արդեն զբաղված են, ինչի արդյունքում նինոծմինդացիները հաճախ մնում են դուրսը։ Մեր զրուցակիցը որպես խնդրի լուծում առաջարկեց ավելացնել հասարակական տրանսպորտի միավորները։

Մեկ այլ բնակիչ ընդգծեց, որ աշխատատեղերի բացակայությունը լուրջ խնդիր է և կցանկանար տեսնել, որ Նինոծմինդայում բացվեն նոր աշխատանքային հնարավորություններ։

Ընդհանուր առմամբ, Նինոծմինդայի մունիցիպալիտետում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պահանջում են անհապաղ լուծումներ՝ բնակչության կյանքի որակը բարձրացնելու նպատակով։ Դրանց թվում են՝ ճանապարհների անմխիթար վիճակը, հասարակական տրանսպորտի արդյունավետության պակասը, երիտասարդների զբաղվածության խնդիրը և աշխատատեղերի բացակայությունը։

Մանրամասները աուդիոնյութում․

Radio NOR · Ի՞նչ փոփոխություններ են ուզում տեսնել նինոծմինդացիները․ Հարցում