
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Արագյալ գյուղի բնակիչները բարձրաձայնեցին մի շարք հիմնախնդիրների մասին՝ սկսած անմխիթար ակումբից ու չգործող բուժկետից մինչև մինի մարզադաշտի բացակայություն և հովիվի բացակայություն։
Այցելեցինք Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Արագյալ գյուղ` պարզելու համար համայնքին հուզող հարցերն ու առկա հիմնախնդիրները։
Հարցման ժամանակ գյուղի բնակիչները նշեցին մի շարք կարևոր խնդիրներ, որոնք, ըստ իրենց, երկար տարիներ չեն լուծվում։ Առաջին հերթին շեշտվեց գյուղի ակումբի անմխիթար վիճակը։ Տեղացիների խոսքով՝ ակումբը տարիներ շարունակ չի վերանորոգվել, միջոցառումների ընթացքում նույնիսկ նստելու հնարավորություններ չկան՝ աթոռները շարքից դուրս են եկել վաղուց։
Գյուղի ներկայացուցիչ Արման Աղջոյանի խոսքով` այս տարվա ծրագրերի մեջ չկա ակումբի վերանորոգումը։
Բացի այդ, մի քանի հարցվածներ դժգոհեցին, որ Մեծ Արագյալում մինչ օրս ի տարբերություն հարակից գյուղերի, չկա մինի մարզադաշտ, որը ապահովում է ֆիզիկական ակտիվության հնարավորություն՝ հատկապես երեխաների և պատանիների համար։
«Բոլոր գյուղերն ունեն մինի մարզադաշտ, միայն մեր գյուղն է, որ չունի։ Չկա’, դա էլ չկա»,- ասաց մեկ այլ բնակիչ։
Բնակիչներին հուզում է նաև այն հարցը, թե ինչու կառուցված բուժկետը չի գործում։ Բուժկետի առկայությունը ստեղծում է անվտանգության զգացում՝ մարդիկ վստահ են, որ օգնությունը միշտ մոտ է։ Ինչպես նաև արտակարգ դեպքերում առաջին բուժօգնությունը հնարավոր է ստանալ ժամանակին։ Ըստ արագյալցիների` նախ տարեց մարդիկ հաճախ ունենում են խրոնիկ հիվանդություններ՝ բարձր ճնշում, շաքարային դիաբետ, սրտանոթային խնդիրներ և այլն։ Բուժկետում նրանք կարող են պարբերաբար անցնել զննություններ, ստանալ դեղորայք և հետևել բուժման ընթացքին առանց հեռու ճանապարհ գնալու։
Մեծ արագյալցիները բախվում են նաև գյուղում հովվի բացակայության խնդրին։ Բնակիչների խոսքով՝ նրանք հովիվ ունեն, սակայն մեկ անասունի համար ամսական վճարում են մոտ 180 լարի, այնինչ անասնապահությանը շահութաբեր չէ։ Չնայած, որ բնակիչները հաճախ բարձրաձայնում են աշխատատեղերի բացակայության մասին, սակայն հովվի աշխատատեղը մնում է չլրացված։ Տեղացին այդ աշխատանքը չի նախընտրում, իսկ փոխարենը գյուղ են գալիս մարդիկ Վրաստանի այլ մունիցիպալիտետներից և զբաղվում հովվությամբ։ Դրանով է բացատրվում, թե ինչու են 1 կով արածեցնելու համար 180 լարի պահանջում:
Հարկ է նշել, որ հովվի խնդիր ունեն նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետի մի շարք այլ գյուղեր։
Նշենք, որ Մեծ Արագյալ գյուղը գտնվում է Նինոծմինդա քաղաքից 7 կմ հեռավորության վրա։ Գյուղում առկա է գազ և ջուր։ Բնակչությունը 2014 թվականի տվյալներով կազմում է 643 հոգի։ Իսկ այժմ մոտ 700-800 հոգի։ Գյուղացիները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ և մեկնում արտագնա աշխատանքի։